Բյուջեից 268.5 միլիոն դրամ հատկացվեց մի շարք մարզերի

Կառավարության այսօրվա նիստին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն առաջարկեց պետական բյուջեից համաֆինանսավորմամբ մարզպետարաններին տրամադրել 268.5 միլիոն դրամ սուբվենցիոն ծրագրերի համար գումար հատկացնելու ակնկալիքով։

Դա վերաբերում է 18 բնակավայրերում իրականացված 20 սուբվենցիոն ծրագրերին՝ մարզերի հետևյալ բաշխվածությամբ․

«Արարատի մարզ- 3 ծրագիր՝ 54 միլիոն, Արմավիրի մարզ- 6 ծրագիր՝ 81 միլիոն, Գեղարքունիք- 5 ծրագիր՝ 158 միլիոն, Կոտայք- 2 ծրագիր՝ 202 միլիոն դրամ, Լոռու մարզ– 2 ծրագիր՝ 35 միլիոն, Շիրակի մարզ- 1 ծրագիր՝ 4.6 միլիոն, Սյունիքի մարզ- 1 ծրագիր՝ 53 միլիոն դրամ․․․

Այս բոլոր ծրագրերն ավարտված են, և Կառավարության պարտավորությունն ենք մենք իրականացնում՝ շինարարներին իրենց արած աշխատանքի համար վճարելով»։

Սանոսյանն ասաց, որ 2022 թվականի հունվարից առ այսօր 229 ծրագրի համար 5.6 միլիարդ դրամ են տրամադրել, ևս 20 ծրագրի համար այսօր ներկայացրած առաջարկով կտրամադրեն․

«Ընդհանուր կստացվի, որ արդեն 249 ծրագիր այս տարի՝ հունիսի 17-ի դրությամբ, ավարտում ենք և 5.9 միլիարդ դրամ հատկացնում ենք այս աշխատանքների համար։ Խնդրում եմ հաստատել»։

Այս համատեքստում Փաշինյանը հիշեց մարզային իր վերջին այցելությունը, խոսեց գյուղացիների հետ ունեցած հանդիպումներից և տպավորություններից, ասաց, որ մարդկանց և՛ հաղորդակցության մակարդակն է բարձրացել, և՛ տեղեկացվածության։ Փաշինյանն ասաց, որ այդ հանդիպումների ընթացքում մի միտք է առաջացել՝ սուբվենցիոն ծրագրերում ներառեն նաև կաթիլային ոռոգման համար անհրաժեշտ ավազանների կառուցում․

«Կաթիլային ոռոգումը դա ուղղակի խողովակները չեն անցքերով, այլ դա կարևոր տեխնոլոգիական համակարգ է, որի ամենակարևոր բաղադրիչը ջրային ավազանն է։ Այդ տեխնոլոգիայի շատ կարևոր մաս է, որ պարարտանյութը ջրի միջոցով է տեղափոխվում, ինչը բերում է ոչ միայն ջրի, այլև պարարտանյութի խնայողությանը․․․»։

Կառավարությունը միաձայն ընդունեց այս որոշումը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս