Արթիկի վետերանների շենքում տեղի ունեցածը հրդեհի հետևանք է. ոստիկանությունը հակադարձում է Կարապետ Պողոսյանի գրառմանը
Շուրջ մեկ ժամ առաջ գյումրեցի հասարակական գործիչ Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Սրբապղծությունը Հայաստանում դարձել է օրակարգ: Քիչ առաջ ահազանգ ստացա, որ ինչ-որ թափթփուկներ գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, վնասել գույքը, այրել ապրիլյան և 44-օրյա պատերազմի հերոսների նկարները։
Հայտնում եմ, որ եթե առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում, պետական կառույցները չբացահայտեն և չպատժեն սրբապիղծներին, ստիպված կլինենք զբաղվել ինքնադատաստանով և անկանխատեսելի գործողությունների պատասխանատվությունը կկրի իշխող քաղաքական ուժը, քանի որ սրբապղծությունը իրենք ներմուծեցին Հայաստան»,- գրել է Կարապետ Պողոսյանը և լուսանկարներ հրապարակել:
Ոստիկանությունից, սակայն, 168.am-ի հետ զրույցում հերքեցին դիտավորությամբ գույքը վնասելու փաստը:
«Հունիսի 12-ին՝ ժամը 20:43-ին, ոստիկանության Արթիկի բաժնում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի վետերանների համար նախատեսված շինությունում։ Հրդեհը մարվել է հրշեջ ծառայության կողմից: ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումում նյութեր են նախապատրաստվում»,- ասացին ոստիկանությունից: