Դատական նիստերն իշխանության կողմից ուղղորդված բեմականացում են՝ կանխորոշված արդյունքներով. Ավետիք Չալաբյանը՝ Արմավիր ՔԿՀ-ից
168.am-ի հարցերին պատասխանել է «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը, որը մայիսի 14-ից գտնվում է Արմավիր ՔԿՀ-ում:
– Պարո՛ն Չալաբյան, մայիսի 14-ից անազատության մեջ եք. ինքներդ դատարանի այս որոշումը պայմանավորել եք իշխանության նպատակով՝ պայքարի թեժ փուլում ընդդիմադիր գործչին մեկուսացնել, բայց ինչո՞ւ հենց Ձեզ. այս փուլում իշխանությանը քննադատում են շատերը, հետևապես՝ ինչո՞վ է հենց Ձեր քննադատությունը վտանգավոր այս իշխանության համար։
– Չեմ կարծում, որ իշխանությունը հենց ինձ է միայն փորձում մեկուսացնել։ Ինձ հետ նույն կալանավայրում այժմ գտնվում են տասնյակից ավելի քաղբանտարկյալներ՝ մեկը մյուսից շինծու և անհեթեթ մեղադրանքներով։ Սակայն ամբողջ երկիրը բանտերում լցնել չի հաջողվելու, բանտերում հայտնվածների փոխարեն՝ գալու են նորերը, և, ի վերջո, այս «ժողովրդավար» իշխանության ստի և կեղծիքի մեքենան փուլ է գալու։
– Ձեզ մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որը 01.07.2022թ․ ուժի մեջ մտնող նոր քրօրենսգրքով այլևս հանցագործություն չի համարվելու։ Չնայած դրան՝ դատարանը որոշեց բավարարել երկամսյա կալանքի միջնորդությունը: Արդյո՞ք սա էլ լրացուցիչ փաստ չէ, որ հենց իշխանություններն իրավապահ մարմինների և դատարանի ձեռամբ ձեզ պատժելու նպատակ են հետապնդում։շ
– Այո՛, այդ հոդվածը, որով ինձ թվացյալ արարք է մեղադրվում, արդեն իսկ ապաքրեականացված է, այն նաև ակնհայտ հակասահմանադրական բնույթ ունի, ու մեր քրեական օրենսգրքում հայտնվել է տառացիորեն մեկ տարի առաջ քաղաքական հակառակորդների դեմ պայքարելու նպատակով։
Թե՛ դատախազությունը, և թե՛ դատարանը դա հիանալի հասկանում են, սակայն ենթադրաբար վերևից իջեցված պատվեր են կատարում, ինչ-որ չափով նույնիսկ սեփական կամքին հակառակ։ Սա արդեն իսկ հակառակ արդյունք է տվել, և որքան շատ այս իշխանությունը համառի, այնքան ավելի է այն խայտառակվելու, ես դրանում կասկած չունեմ։ Իսկ մեր պաշտպանական թիմն էլ օգտվելու է թե ՄԻԵԴ-ին, և թե միջազգային կառույցներին դիմելու բոլոր հնարավորություններից։
– Ձեր կալանավորումն առաջացրեց հանրային մեծ դժգոհություն, ինչին հետևեց ինչպես անձամբ Արցախի նախագահի, ԱԺ նախագահի ու քաղաքական վերնախավի, այնպես էլ Հայաստանից ու արտերկրից բազմաթիվ հայտնի և արժանավոր գործիչների կոչը՝ ոչ թե դատարաններին, որ արդարադատություն իրականացնեն, այլ հենց ՀՀ իշխանությանը՝ Ձեզ կալանքից ազատելու պահանջով. արդյո՞ք թեկուզ այս հանգամանքը չի վկայում, որ հայ հանրությունը վստահ է՝ մեր երկրում դատական իշխանությունն անկախ չէ, և, որ Ձեզ դատում է ոչ թե դատարանը, այլ հենց Նիկոլ Փաշինյանը։
– Մինչ այժմ ես մասնակցել եմ երկու դատական նիստերի, և, իմ ընկալմամբ, դրանք արդարադատության հետ աղերս չունեին, ընդամենը բեմականացում էին՝ կանխորոշված արդյունքով, ինչպես հաճախ է պատահում այս իշխանության նախաձեռնությունների հետ։ Որևէ կասկած չունեմ, որ սա իշխանության կողմից նախատեսված և ուղղորդվող գործընթաց է, դրա բազմաթիվ ապացույցները մենք պատեհ պահին կներկայացնենք։
– Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո առաջինը հարվածի տակ հայտնվեցին զինվորականները և, ըստ պետության անվտանգային հարցերով զբաղվող մասնագետների, Փաշինյանն առաջինը գլխատեց բանակը, ինչին հաջորդեց պատերազմն ու պարտությունը։ Դուք ևս կանգնած եք բանակի կողքին, Ձեր մեկուսացումն արդյո՞ք տեղավորվում է բանակը գլխատելու համատեքստում։
– Ես դա առնվազն չէի բացառի, հաշվի առնելով, որ իմ գործունեությունը հիմնականում ուղղված է մեր բանակի, Հայաստանի և Արցախի պաշտպանական համակարգերի արդիականացմանը։
– Մեր պետության անվտանգության ապահովման վերաբերյալ օրերս Ձեր հրապարակած հոդվածում կոչ էիք արել լծվել հայրենիքում հայահավաքի գործին։ Տևական ժամանակ Ռուսաստանում ապրելուց հետո Դուք վերադարձել եք հայրենիք, ինչպես պնդում եք՝ Ձեր կարողությունները հայրենիքին ի նպաստ դնելու նպատակով: Ձեր նկատմամբ կիրառված, Ձեր փաստաբանների բնորոշմամբ՝ ապօրինի քրեական հետապնդումը և այդ հիմքով Ձեզ ազատությունից զրկելն արդյո՞ք զգուշացում չի լինի հայրենիք վերադառնալու նպատակներ ունեցող անձանց համար։ Հնարավո՞ր է, որ վերադառնալու ցանկություն ունեցող բոլոր կարող ուժերը չվերադառնան այլևս Հայաստան, ավելին՝ ավելանա հայրենիքը լքելու ցանկություն ունեցողների թիվը:
– Կարծում եմ, որ ուղիղ հակառակը տեղի կունենա՝ թե իմ, և թե մեր ամբողջ թիմի պայքարն օրինակ կդառնա բազմահազար մեր հայրենակիցների համար, ցույց կտա, որ նույնիսկ փորձությունների և զրկանքների ենթարկվելով՝ կարելի է համակարգված գործողություններով ոչ միայն հասնել արդարության, այլև արմատապես փոխել իրականությունը հայրենիքում՝ այն դարձնելով ավելի ազատ, արդար և անվտանգ
– Հայրենիքի հզորացումը ենթադրում է նաև տվյալ պահի իշխանության հետ ինչ-որ չափով նաև համագործակցություն. 42 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող հայկական երկու պետություններից 32 հազարը թողած իշխանության հետ այդ նույն հայրենիքը հզորացնելու հարցում համագործակցություն արդյո՞ք հնարավոր է: Եթե ոչ՝ ինչպե՞ս եք պատկերացնում հայահավաքը, մասնավորապես, Փաշինյանի պաշտոնավարման շրջանում։
– Հայահավաքը հնարավոր է նույնիսկ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում, բայց այն տեղի է ունենում ավելի շատ ի հեճուկս, քան շնորհիվ այս իշխանության, մեր ընտանիքի դեպքը դրա օրինակն է։
Փաշինյանի իշխանությունը, սակայն, հավերժ չէ, նրա ավարտից հետո հայահավաքը պետք է իրականություն դարձնել, մեր երկիրը հզոր ներհոսքի և ստեղծարար վերելքի սուր կարիք ունի, և ցանկացած հաջորդ իշխանություն պետք է ոչ միայն գիտակցի այդ հրամայականը, այլև կոնկրետ ջանքեր գործադրի այն իրականություն դարձնելու համար։
– Իսկ հնարավո՞ր է՝ Դուք էլ հեռանաք Հայաստանից՝ մարդու համար շատ թանկ բանից՝ ազատությունից այլևս չզրկվելու համար, կամ որոշեք դադարեցնել Ձեր ակտիվ հանրային և քաղաքական գործունեությունը։
– Մեր ընտանիքը Հայաստան է վերադարձել պատերազմի առաջին իսկ օրը՝ սեփական երկրին օգտակար լինելու և նրա պաշտպանությանը մասնակցելու հստակ վճռականությամբ, նույնիսկ ազատության ժամանակավոր կորուստն այդ վճռականության վրա չէր կարող ազդել, կամ էլ որևէ կերպ փոխել այն խորը կապվածությունը, որը մենք ունենք մեր երկրի հետ։ Ուստի, հեռանալու փոխարեն, մենք կմնանք և կպայքարենք, այլապես վտարանդու «ազատությունը» ցանկացած բանտից վատ է։