Հրաչյա Հակոբյանը Ֆլորենցիա է մեկնել էկոնոմ դասով, ճանապարհածախսը կազմել է 550․000 դրամ

ԱԺ նախագահի կարգադրությամբ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈՒՄՎ) կողմից հրատարակված «Սուրբ Սոֆիա. Աստծո սուրբ իմաստության տաճարներն աշխարհում» գրքի շնորհանդեսին մասնակցելու համար 2022 թվականի մայիսի 29-ից հունիսի 1-ը Ֆլորենցիա էին (Իտալիայի Հանրապետություն) գործուղվել ՈՒՄՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու ՈՒՄՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Նշված էր, որ գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Ս. Գաբրիելյանի) և գիշերավարձի (Ս. Գաբրիելյանի) վճարումը կատարում է հրավիրող կողմը:

168.am-ն այս գործուղման առնչությամբ գրավոր հարցում էր ուղարկել Ազգային ժողով (ԱԺ): Ցանկացել էինք ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝

1. Ինչո՞ւ են նույն պատվիրակության կազմում գտնվող երկու պատգամավորների մեկնման ու կեցության ծախսերը տարբաշխվել մեկնող և հրավիրող կողմերի միջև:

2. Որքա՞ն են կազմել պատգամավոր Հրաչյա Հակոբյանի՝ Ֆլորենցիա քառօրյա գործուղման գիշերակացի, ճանապարհածախսի ու օրական գործուղման ծախսի գումարները:

Տվյալները խնդրում ենք տրամադրել առանձին:

3. Ի՞նչ թռիչքուղով են Ֆլորենցիա մեկնել Սիսակ Գաբրիելյանն ու Հրաչյա Հակոբյանը: Տվյալները խնդրում ենք տրամադրել առանձին, ըստ պատգամավորներից յուրաքանչյուրի՝ Ֆլորենցիա մեկնելու չվերթների:

Ազգային ժողովից ստացված պատասխանի մեջ ասվում է, որ ՈՒՄՎ քարտուղարությունը նախապես է տեղեկացրել, որ կազմակերպությունը կհոգա հրավիրող պատգամավորներից մեկի՝ պատվիրակության ղեկավարի ծախսերը՝ ճանապարհածախսն ու գիշերավարձը:

«ՈՒՄՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հրաչյա Հակոբյանը Ֆլորենցիա մեկնել է Երևան-Բրյուսել-Ֆլորենցիա չվերթուղով՝ ինքնաթիռի էկոնոմ դասով, վերադարձել է Ֆլորենցիա-Վիեննա-Երևան չվերթուղով՝ ինքնաթիռի էկոնոմ դասով: Գիշերակացը 3 օրվա համար կազմել է 381 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, իսկ ճանապարհածախսը՝ 550 000 ՀՀ դրամ»,- նշված էր ԱԺ-ից ստացված պատասխանի մեջ:

Թե ինչ թռիչքուղով է Ֆլորենցիա մեկնել Սիսակ Գաբրիելյանը, ԱԺ-ն չէր պատասխանել:

Տեսանյութեր

Լրահոս