«Ավելի շատ փողոցային պահվածք էր, երբ Արգիշտի Քյարամյանը ծնողներին հրավիրում էր անձնական հաշվեհարդարի»․ Կարին Տոնոյան

«Մեր խնդիրը մեկն է՝ մեր որդիների զոհվելու համար բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն՝ սկսած առաջին դեմքից»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը։

Նա հիշեցրեց, որ Փաշինյանին կալանավորելու պահանջն իրենք բարձրացրել են, երբ ապրիլի 13-ին Ազգային ժողովի ամբիոնից Փաշինյանը հայտարարել էր. «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե առանց զոհերի»։

«Մեր միջնորդություններից մեկն էլ այն էր, որ վարչապետին որպես մեղադրյալ ներգրավեն, ձերբակալեն, որպեսզի չազդի նախաքննական մարմնի վրա, որից հետո նոր ամբողջ հանգամանքները բացահայտվեն․․․»,- ասաց զոհված զինծառայողի հայրը։

Նա նաև փոխանցեց, որ անընդհատ փորձ է արվում զոհված զինծառայողների ծնողների ձևավորած շարժումը կապել քաղաքական որևէ ուժի հետ, սակայն այդ շարժումը բացառապես իրավական բնույթ է կրում, և, որ իրենք որևէ քաղաքական ուժի հետ առնչություն չունեն։

«Հարցերից մեկն էլ այն է, եթե ձեր պայքարը քաղաքական չէ, ինչո՞ւ եք Ֆրանսիայի հրապարակում վրան տեղադրել։ Այսպես ներկայացնեմ, եթե մենք հիմա մամուլի ասուլիս ենք տալիս, եթե այս ժամանակահատվածում Քննչական կոմիտեն մինչև ասուլիսի ավարտը որպես մեղադրյալ ներգրավի երկրի վարչապետին, կալանավորի և հարցաքննի, մինչև մենք հասնենք Ֆրանսիայի հրապարակ, այնտեղ էլ վրան չի լինի։ Երբ մեղավորները պատժվեն, մեր պայքարն էլ միանգամից իր արդիականությունը կկորցնի»,- ասաց զոհվածի հայրը։

Անդրադառնալով շաբաթներ առաջ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի և զոհված զինծառայողների ծնողների միջև տեղի ունեցած միջադեպին, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, ասաց, որ ինքը ևս ներկա է եղել այդ հանդիպմանը, ու որոշ մանրամասներ հայտնեց այդ միջադեպից․

«Ցանկացած պաշտոնյա պարտավոր է իրեն պահել, ինչպես պատշաճ է պաշտոնյային։ Այդ օրը մենք չտեսանք այդպիսի պահվածք, եղավ խոսքի մեջ սադրիչ դրույթ, որի արդյունքում ծնողների հետ եղավ վիճաբանություն, և մենք պարզապես ապշած էինք՝ տեսնելով այդպիսի բարձր պաշտոն զբաղեցնող երիտասարդի կողմից նման պահվածք, երբ բառացիորեն ավելի շատ փողոցային պահվածք էր, երբ նա ծնողներին հրավիրում էր անձնական հաշվեհարդարի կամ հարց լուծելու․․․ Մենք՝ որոշ մայրեր, չհանդուրժելով այդ տեսարանը, դուրս եկանք․․․ Հետո թեև ներողություն էր խնդրել պարոն Քյարամյանը, բայց այնուհանդերձ, փաստը կատարվելուց հետո, մենք արդեն հոգնել ենք այդ ներողություններից․․․

Մենք հասնելու ենք մեր պահանջի կատարմանը, գործը պետք է քննվի առերևույթ պետական դավաճանություն արած հանցագործության տիրույթում, այսինքն՝ 299 հոդվածով․․․

Մեր համոզմունքով՝ Նիկոլ Փաշինյանը դիտավորությամբ կատարել է այնպիսի արարքներ, որոնք օգնել են թշնամի պետությանը, որպեսզի նրա զինված ուժերը վերադառնան Արցախի ազատագրված տարածքներ, բացի դրանից, նույնիսկ ներխուժեին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք։ Մեր համոզմամբ՝ կատարվել է առերևույթ պետական դավաճանություն, բոլոր փաստերը կան, որպեսզի այդ հիմքով հարուցվի գործ․․․»։

Տեսանյութեր

Լրահոս