
Տաթևիկ Ռևազյանի աշխատասենյակից կրկին երեխայի լացի ձայներ են հնչում, հանդիպումներն ընթանում են երեխային կերակրելու տեսարաններով

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) ղեկավար Տաթևիկ Ռևազյանը՝ որպես պաշտոնյա, հայտնի է նրանով, որ իր պաշտոնավարման սկզբից ի վեր ոլորտը ժամանակ առ ժամանակ և բառի բուն իմաստով ցնցումների մեջ է գցում:
Բազմիցս մամուլում անդրադարձ է կատարվել, թե ինչ մասնագիտական խնդիրների առջև է կանգնել ոլոտը Տաթևիկ Ռևազյանի «ճիշտ» և ինքնատիպ ղեկավարման պատճառով:
Մասնագիտական խնդիրներից բացի, սակայն, կառույցի աշխատակիցները պարբերաբար շոկի են ենթարկվում նաև վերջինիս՝ «կարծրատիպեր կոտրող» պահվածքի պատճառով. մասնավորապես, թե ինչպես է աշխատանքի գնում նորածին երեխայի, երեխայի խնամակալի և ամուսնու հետ, օրեր և գիշերներ ընտանիքով ապրում Կոմիտեի շենքում, հանդիպումների ժամանակ բոլորի աչքի առաջ կերակրում նորածին երեխային և այլն:
168.am-ի տեղեկություններով՝ Տաթևիկ Ռևազյանի՝ երկրորդ անգամ մայրանալուց հետո, Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակվել քաղավիացիայում համբավ ունեցող և ոլորտի գիտակ անձնավորություն, ում, ի վերջո, հաջողվել էր վերականգնել պետական կառույց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կարգավիճակը, որը Տաթևիկի Ռևազյանի թեթև ձեռքով ավերվել էր: Սակայն, ցավոք, ոլորտի աշխատակիցների մոտ կրկին դեժավյու է:
Տաթևիկ Ռևազյանը վերադարձել է իր «աշխատանքին», և կրկին նրա աշխատասենյակից երեխայի լացի ձայներ են հնչում, հանդիպումներն ընթանում են երեխային կերակրելու տեսարաններով, իսկ բանիմաց պաշտոնակատարը կրկին մղվել է հետին պլան:
Թերևս հասկանալի ու բացատրելի են դառնում հանգամանքները, թե ինչո՞ւ են Տաթևիկ Ռևազյանի կողմից ղեկավարվող պետական կառույցում ժամանակ առ ժամանակ ջրի երես դուրս գալիս ոլորտային նման հնչեղության ու նման լրջության խնդիրներ: