Զարեհ Սինանյանի դեմ ակցիան դատապարտել է Լոս Անջելեսի ազերի համայնքը. ամեն ինչ պարզ է. Ռոբերտ Մարկարյան

Ֆրանսիայի հրապարակում այսօր 19։30-ին մեկնարկել էր ընդդիմության կազմակերպած հերթական հանրահավաքը։ Ելույթով հանդես եկավ նաև ԱՄՆ-ից ժամանած՝ «Դիմադրություն» շարժման մասնակից Ռոբերտ Մարկարյանը։

«Ես եկել եմ տասնյակ-հազարավոր կիլոմետր հեռավորությունից՝ լինելու ձեր կողքին։ Մեկ շաբաթ է, ինչ ձեզ հետ միասին այս հրապարակում մասնակցում եմ հանրահավաքներին, ձեզ հետ միասին քայլում եմ Երևանի փողոցներով, ու իմ ձայնը, որը համարվում է նաև Լոս Անջելեսի իմ ընկերների, համախոհների ձայնը, միացնում եմ ձեր ձայնին՝ պահանջելով այս ապիկար իշխանությունների հեռացումը, պահանջում եմ՝ առանց Նիկոլի Հայաստան, առանց թուրքի Հայաստան»,- ասաց սփյուռքից ժամանած Մարկարյանը։

Անդրադառնալով վերջերս Լոս Անջելեսում Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի՝ հայ համայնքի հետ հանդիպման փորձի ժամանակ տեղի ունեցած միջադեպին, Լոս Անջելեսից ժամանած մեր հայրենակիցն ասաց․
«Լոս Անջելեսի հայությունը արժանի դիմավորում ցուցաբերեց մարդու, որը մի ժամանակ նույն այդ համայնքի քվեներով բարձրացել էր վերև, ստանձնել էր պաշտոն, իսկ այսօր երես թեքելով այն բոլոր արժեքներից, որոնց ինքը ժամանակին դավանում էր, կամ ձևացնում էր, թե դավանում է, ծառայում է այսօրվա ապիկար և դավաճան իշխանություններին․․․

Այսօր 3 խումբ է պաշտպանում Զարեհ Սինանյանին և նրա նմաններին ու դատապարտում է Լոս Անջելեսի մեր հայության այդ կատարած քայլը։

Առաջինը Լոս Անջելեսի ազերի համայնքն է, որը կարծես՝ մի տեսակ վատ է զգացել, որ իրենց ներկայացնող ներկայացուցչին կամ հանձնակատարին վատ են դիմավորել։

Երկրորդը՝ մի, այսպես կոչված, երաժիշտ, որը ժամանակին՝ 2018 թվականին, հրապարակում կանգնած ձեզ հայրենասիրության դասեր էր տալիս։ Երկու օր առաջ համերաշխության մասին անգրագետ երգ էր հրապարակել, իսկ այսօր նույն այդ ակցիան պաշտպանած կնոջը՝ Արցախի մեր հայուհուն, սեռական բնույթի վիրավորանք է ուղղում։

Երրորդը՝ հեռուստաընկերություն, որը վերջին շրջանում դարձել է Զարեհ Սինանյանի ու նրա նմանների, իրենց համայնքում մերժվածների, իրենց կուսակցություններից հեռացվածների խոսափողը․․․

Ասում են՝ ասա ո՞վ է ընկերդ, ասեմ՝ ով ես դու։ Նայելով այն մարդկանց, ովքեր այսօր պաշտպանում են Զարեհ Սինանյանին ու նրա նմաններին, կարելի է շատ հստակ տպավորություն կազմել, թե ով է այսօրվա իշխանությունը, և մենք ինչու ենք պահանջում նրանց հրաժարականը․․․

Մեզ համար հայրենիքը սկսվում է Արցախով, հասնում այստեղ, շարունակվում մինչև Արևմտյան Հայաստան, դա մեր միասնական հայրենիքն է, որով սփյուռքում ծնվում, ապրում, մեծանում ու հայ է մնում յուրաքանչյուր հայ։ Ով փորձի դրանից մերմասնիկը խլել, տալ ուրիշին, մենք դրան դեմ ենք կանգնելու սփյուռքում։ Սփյուռքն ունի իր կարմիր գծերը, և որևէ մեկն իրավունք չունի հատել դրանք։ Երկու կարմիր գիծ կա՝ հայոց ցեղասպանության պահանջատիրությունը և այդ կապակցությամբ հատուցման պահանջատիրությունը։ Երկրորդ՝ Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում․․․»։

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հանդիպումը Լոս Անջելեսի հայ համայնքի հետ տապալվել էր։ Երբ Զարեհ Սինանյանը մտել էր դահլիճ, քաղաքացիները վանկարկել էին՝ «Զարեհ, դավաճան»։ Իրավիճակն ավելի էր լարվել, երբ հայ համայնքի ներկայացուցիչները բղավել էին։
«Ամոթ, Զարեհ», «Զարեհ՝ դավաճան», «Արցախը հայկական է, Նիկոլը թուրքական է», «Նիկոլ՝ թուրք», «Նիկոլ՝ դավաճան», «Զարեհ՝ դավաճան»: Այդ ընթացքում Զարեհ Սինանյանը լքեց դահլիճը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս