«Ժողովրդի թիկունքում երկիրը փորձում են տանել նոր կապիտուլյացիայի». Իշխան Սաղաթելյան

Ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցությունների նախաձեռնությամբ վաղը՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի։ Ընդդիմության պահանջը մեկն է, որպեսզի Ազգային ժողովը հանդես գա ընդդիմության առաջարկած հայտարարությամբ, որի հիմնական կետն այն է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի ակզմում։

ԱԺ փոխնախագահ, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում անդրադառնալով վաղվա արտահերթ նիստին և հատկապես այդ հայտարարության տեքստին՝ ասել է․

«Դրանք այն բոլոր կարմիր գծերն ու սկզբունքներն են, որով պետք է առաջնորդվի ցանկացած հայանպաստ և հայամետ իշխանություն։

Իրենք մեկ ամիս շարունակ, դրանից առաջ ևս ասում էին՝ ընդդիմությունն օրակարգ չունի, չի գալիս խորհրդարան, որովհետև վախենում է, ասելիք չունի, և, որ ընդդիմության փողոցային պայքարի նպատակը ոչ թե Արցախն ու Հայաստանն են, այլ իշխանության գալը։ Մենք ասացինք՝ եթե այդպես է, եկեք արտահերթ նիստ հրավիրենք, սա էլ՝ օրակարգը, որտեղ շատ հստակ ներկայացված են այն նվազագույն պայմանները, որոնք անհրաժեշտ են մեր երկրի գոյության և Արցախի լինելիության համար․․․

Մենք մի հարց ենք տվել, իրենք ամբողջ իշխանությունով և այդ 72 հոգով (ՔՊ-ական պատգամավորներով) չեն կարողանում պատասխանել։ Պարզ ձևակերպել ենք, եկեք ասեք, որ որևէ պարագայում չեք պատկերացնում լուծում, երբ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում․․․ Իրենք պատասխանում են, որ իրավունք չունեն դա ասելու, որովհետև դրանով կխանգարեն գլխավոր բանակցողին։ Ո՞վ է գլխավոր բանակցողը, Ալիևին, իհարկե, խանգարելու եք դրանով, մտահոգվա՞ծ եք Ադրբեջանի ու Ալիևի շահերով։ Ամեն ինչ շատ ակնհայտ է, ինքը (Փաշինյանը) երբ ասաց՝ նշաձողն իջեցնում եմ, վերջապես այս պայքարի հիմքը դա էր, չէ՞, շատ ուղիղ և բաց տեքստով ինքը հայտարարել է, թե ինչի շուրջ է բանակցում։ Բրյուսելյան վերջին հայտարարությունը դրա վառ ապացույցն էր՝ Ղարաբաղի հայերի իրավունքների անվտանգության մասին, սրանով ամեն ինչ ասված է։ Սրանով վերջնականապես պատռել ենք իրենց դեմքը, հետևաբար՝ բոլոր քաղաքացիները, որոնք դեռ մի նշույլ հույս ունեին, որ սրանք դավաճան չեն, սա այլևս ապացույց է և փաստ։

Այս իմաստով իրենք քաղաքական փակուղու մեջ են, և երբ ես ասում եմ, որ ամսի 3-ը ջրբաժան է և իրենց քաղաքական գերեզմանը, դա նկատի ունեմ։ Դրանից հետո իրենք այլևս որևէ մեկին պետք չեն, բացառությամբ մեր թշնամիների, որովհետև ակնհայտ հայտարարում են, որ իրենք չունեն կարմիր գիծ, իրենք չունեն սկզբունք, ժողովրդի թիկունքում երկիրը փորձում են տանել նոր կապիտուլյացիայի․․․»։

Ընդդիմության հրապարակած պահանջներն են՝

  • «Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:
  • Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
  • Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:
  • Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:
  • Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերման նախապայմանով:
  • Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:
  • Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:
  • Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում 

Տեսանյութեր

Լրահոս