«Այո՛, Նիկոլ Փաշինյանը հարցաքննվելու է, կա դատախազի կողմից տրված ցուցում»․ ՔԿ պաշտոնյան՝ զոհված զինծառայողների մայրերին

Ինչպես արդեն հայտնել էինք, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերն այսօր առավոտյան հավաքվել էին Քննչական կոմիտեի շենքի մոտ և պահանջում էին  հանդիպում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։

30 րոպե սպասելուց հետո զոհված զինծառայողների հարազատների հետ հանդիպեց ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։ Նա  հարազատներին տեղեկացրեց, որ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն աշխատավայրում չէ, ապա հավելեց, որ իրենք տեղյակ չէին, որ ծնողներն այսօր ցանկանում էին հանդիպել Քյարամյանի հետ, և, որ դրա մասին իմացել են այն ժամանակ, երբ ծնողներն արդեն ՔԿ-ի մոտ էին։

Զոհված զիծառայողների հարազատները Ռաֆայել Վարդանյանին հարցրեցին՝ վերջապես լինելո՞ւ է Նիկոլ Փաշինյանի հարցաքննություն, թե՞ ոչ։

«Մենք այդ հարցին պատասխանել ենք արդեն։ Այո՛, հարցաքննվելու է, կա դատախազի կողմից տրված ցուցում»,- ասաց ՔԿ պաշտոնյան, ապա հավելեց, թե լրատվամիջոցների ներկայությամբ նպատակահարմար չէ այդ հարցերը քննարկելը։

Հիշեցնենք, որ շուրջ 1 տարի առաջ՝ 2021 թվականի հունիսին, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել` պահանջելով քրեական գործ հարուցել նրա կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստով` Հայաստանի Հանրապետության թշնամի պետության օգտին գործողություններ կատարելու առերևույթ հանգամանքներով։

Տեսանյութեր

Լրահոս