ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության կողմնակիցների թիվն աճել է՝ հասնելով բնակչության 65 տոկոսին
Ֆինլանդիայում ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության կողմնակիցների թիվն աճել է՝ հասնելով բնակչության 65 տոկոսին: Այդ մասին գրում է Helsingin Sanomat-ը, վկայակոչելով հարցման տվյալները, որը Kantar TNS-ի կողմից անցկացվել է հրատարակության պատվերով:
Հետազոտությունը Gallup Forum ինտերնետ-պանելում անցկացվել է 2022 թվականի ապրիլի 22-27-ին՝ 1062 քաղաքացիների շրջանում: Հարցման արդյունքների անճշտությունը կազմում է մոտավորապես 3 տոկոսային կետ: Հարցմանը մասնակցել են ամբողջ երկրի 18-ից մինչեւ 79 տարեկան անձինք, բացառությամբ Ալանդայի նահանգի: Դաշինքին Ֆինլանդիայի անդամակցությանը դեմ է արտահայտվել հարցման մասնակիցների 13 տոկոսը, 22 տոկոսը դեռ չի կողմնորոշվել:
Նախորդ հարցմանը, որը HS-ի պատվերով անցկացվել է ապրիլի սկզբին, հարցվածների 59 տոկոսը կողմ է եղել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը, իսկ 17 տոկոսը դեմ է հանդես եկել: Հարցումը, որը փետրվարի 23-ից մինչեւ 25-ը Taloustutkimus ընկերության կողմից անցկացվել է Yle մեդիակորպորացիայի պատվերով, ցույց է տվել, որ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության օգտին արտահայտվել է այն ժամանակ ֆինների 53 տոկոսը, դեմ է եղել 28 տոկոսը: Այժմ տղամարդկանց շրջանում ՆԱՏՕ-ի օգտին հանդես է գալիս հարցվածների 70 տոկոսը, կանանց շրջանում՝ 59 տոկոսը:
ՆԱՏՕ-ին անդամակցության աջակցության ամենաբարձր ցուցանիշն առաջվա պես ամենաավագ տարքային խմբերում է եւ ամենացածրը՝ ամենաերիտասարդ տարիքային խմբերում: Այնուամենայնիվ, 30-ից ցածր տարիքի անձանց ավելի քան կեսն արդեն հանիդես է գալիս դաշինքին անդամակցության օգտին: ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հարցն այժմ քննարկում է երկրի խորհրդարանը: Սպասվում է, որ դիմումը ներկայացնելու որոշումը կընդունվի մայիսին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: