
«Պահանջեք Նիկոլ Փաշինյանից՝ թող հրապարակի, թե 2019թ. իրեն ի՞նչ են առաջարկել, և ընդհանրապես իր համար ո՞րն է նշաձողը». Սերժ Սարգսյան

ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ջահերով երթի մեկնարկից առաջ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք իր մասնակցությամբ չի քաղաքականացվում երթը, նշեց, որ ինքը քաղաքացի է. «Ես քաղաքացի լինելուց հրաժարվե՞լ եմ: Քաղաքականությունը մի բան է, քաղաքացի լինելը՝ այլ: Ցանկացած քաղաքական գործիչ, առաջին հերթին, պետք է լինի քաղաքացի»:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ նախկինների ժամանակ միջազգային հանրության կողմից Արցախի նշաձողը իջեցնելու պահանջ է եղել, Ձեր նախագահության ժամանակ այդպիսի պահանջ Ձեր առջև դրվե՞լ է, նա պատասխանեց. «Ո՛չ: Ի՞նչ է նշանակում դա: Ես կարծում եմ՝ այդպիսի հարցերին ոտի վրա պատասխանելն այդքան էլ հարիր չէ, բայց այդուհանդերձ, Ադրբեջանն էլ չէր ուզում 88-ից սկսած ընդհանրապես որևէ նշաձողի մասին խոսել, արդյո՞ք դա ինչ-որ այնպիսի մի փաստ է, որը մեզ պետք է ստիպեր հրաժարվել մեր նպատակներից, իհարկե, ո՛չ: Բոլոր այդ փաստաթղթերը կան, դուք պահանջեք Նիկոլ Փաշինյանից՝ թող հրապարակի, թե 2019թ. իրեն ինչ են առաջարկել, և ընդհանրապես իր համար ո՞րն է նշաձողը»: