Փոխոստիկանապետը չպատասխանեց հարցին՝ արդյո՞ք 2018 թ. Ֆրանսիայի հրապարակում տեղադրվող վրանների մասին ծանուցումներ եղել են
ՀՀ կառավարության հերթական նիստի ավարտից հետո ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը լրագրողների հարցերին ի պատասխան՝ անդրադարձավ Ազատության հրապարակում նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի նստացույցին և 44-օրյա պատերազմի մասնակիցների հացադուլին:
Լրագրողի դիտարկմանը, թե պատերազմի մասնակիցները հինգ օր է՝ հացադուլ են անում, սակայն ոստիկանությունը թույլ չի տալիս, որ նրանք գոնե հովանոց տեղադրեն՝ արևից պաշտպանվելու համար, և հարցին, թե ի՞նչն է խնդիրը, ՀՀ փոխոստիկանապետը մանրամասնեց. «Խնդիրը բացառապես իրավական է. մենք ունենք հավաքների անցկացման վերաբերյալ համապատասխան իրավակարգավորումներ, դրա վերաբերյալ օրենք, և առաջնորդվում ենք տվյալ օրենքի դրույթներով:
Հավաքներ անցկացնելու վերաբերյալ պետք է լինեն համապատասխան ծանուցումներ, տեղեկացումներ, որոնց ընդունման դեպքում միայն հնարավոր կլինի տեխնիկական կամ այլ բնույթի սարքավորումներ տեղադրել»:
Ճշգրտմանը, թե դա ինքնաբուխ ակցիա է, Արա Ֆիդանյանը հայտնեց, որ ինքնաբուխ և շտապ ակցիաները ևս կարգավորվում են այդ օրենքով:
«Շտապ ակցիա հասկացությունն իր մեջ ներառում է բառապես 6-ժամյա գործունեություն, մինչդեռ ոստիկանությունը շտապ ակցիայի վերաբերյալ ծանուցում ստացել է ամսի 19-ին, և բնականաբար, 6 ժամը չէր կարող տևել մինչև օրս»,- ի պատասխան՝ հայտնեց նա:
Արդյո՞ք 2018 թ. Ֆրանսիայի հրապարակում տեղադրվող վրանների մասին ծանուցումներ եղել են՝ լրագրողների վերջին հարցին փոխոստիկանապետը չպատասխանեց՝ նկատելով.
«Ես չեմ կարող ասել՝ 2018 թ. կամ դրանից առաջ, հետո ծանուցումներ եղե՞լ են, թե՞ չեն եղել. ես կարող եմ պատասխանել այս պահի դրությամբ ծանուցումների հետ կապված հարցերին»: