Հազվադեպ հանդիպող՝ Շմիդտի համախտանիշով կինը հղիացել և առողջ երեխա է ունեցել․ «Էրեբունի» ԲԿ
30 ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր դիմել հղիության 9 շաբաթականում, Շմիդտի համախտանիշ ախտորոշմամբ, կյանքին սպառնացող վտանգով:
Շմիդտի համախտանիշը հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որի ժամանակ առաջանում է մակերիկամային անբավարարություն, հիպոպարաթիրեոզ, լիմֆոցիտար թիրեոիդիտ, սեռական հորմոնների անբավարարություն, երբեմն՝ 1-ին տիպի շաքարային դիաբետ:
Այս համախտանիշը, որպես կանոն, առաջացնում է անպտղություն` քրոնիկ անօվուլյացիայի ֆոնին: Նույնիսկ բժշկական գրականության մեջ շատ քիչ են նկարագրված հղիության դեպքերը, իսկ հազվադեպ հղիությունը ռիսկ է կնոջ կյանքի համար:
Հղիությունից առաջ կինը 2 անգամ ծանր ադրենալային կրիզ էր ունեցել՝ ուղեղային արյան շրջանառության սուր խանգարմամբ և բուժում ստացել «Էրեբունի» ԲԿ-ում:
Բացի այդ, նախկինոևւմ ունեցել էր մեկ չզարգացող հղիություն և մեկ վիժում:
Չնայած այս բոլոր խնդիրներին՝ կինը որոշել էր հղիանալ:
Հղիության ընթացքում կինը գտնվել է բժշկական խիստ հղկողության տակ: Հղիությունը վարել է ծննդատան Կանանց առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Անի Ահարոնյանը: Ամբողջ ընթացքում հղիության ընդհատման մեծ ռիսկ կար, սակայն մասնագետներին հաջողվեց պահպանել այն:
35 շաբաթական ժամկետում, սակայն, կրկնվել էր ադրենալինային կրիզը և հղին շտապ հոսպիտալացվել է: Հրավիրվել է կոնսիլիում՝ «Էրեբունի» ԲԿ ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ, ծնարանային բաժանմունքի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանի եվ մի շարք նեղ մասնագետների մասնակցությամբ:
Որոշվել է կատարել կեսարյան հատում շտապ կարգով` կյանքի ցուցումով: Վիրահատությունն իրականացրել են բժիշկներ Տիգրան Հովհաննիսյանը և Անի Ահարոնյանը՝ անեսթեզիոլոգիայի ծառայության ղեկավար Լուսինե Դանիելյանի մասնակցությամբ:
Վիրահատությունն ընթացել է առանց բարդությունների: Լույս աշխարհ է եկել 2 կգ 800 գ քաշով առողջ տղա երեխա: