
Հնդկաստանը դեղորայքի խմբաքանակ կուղարկի Ուկրաինա

Հնդկաստանը մոտ օրերս Ուկրաինա կուղարկի մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը դեղորայքի տեսքով: Ապրիլի 20-ին այդ մասին Twitter-ում հայտնել է ՄԱԿ-ում Հնդկաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Ռ. Ռավինդրան:
«Հասկանալով Ուկրաինայի ծանր հումանիտար իրադրությունը՝ Հնդկաստանն օգնություն է ուղարկում այդ եւ դրա հարեւան երկրներ: Մենք մոտ օրերս կկազմակերպենք դեղորայքի նոր մատակարարումներ Ուկրաինային»,- նշել է Ռավինդրան:
Ռավինդան ընդգծել է, որ «Հնդկաստանը հակամարտության հենց ամենասկզբից կոչ է արել հետեւել երկխոսության եւ դիվանագիտության ուղուն»: «Երբ սպառնալիքի տակ են գտնվում անմեղ մարդկային կյանքեր, դիվանագիտությունը պետք է գերակշռի որպես միակ համապատասխան որոշում»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցչությունն առաջարկել է չքաղաքականացնել Ուկրաինային ցույց տրվող հումանիտար օգնության հարցերը:
Հարավասիական երկրի մշտական ներայացուցիչ Թ. Խ. Թիրումուրթիի խոսքով՝ դրանց լուծման նկատմամբ մոտեցումը պետք է ելնի չեզոքության եւ անկախության սկզբունքներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: