COVID-19-ի համավարակը դեռ չի ավարտվել. «Ռոսպոտրեբնադզոր»
Չնայած Ռուսաստանում համաճարակաբանական իրադրության հարաբերական կայունությանը, կորոնավիրուսի համավարակի ավարտվելու մասին դեռ չպետք է խոսել: Այդ մասին հաղորդել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայությունը:
Գերատեսչության ղեկավար Աննա Պոպովան ապրիլի 19-ին սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել «Ռոսպոտրեբնադզոր»-ի՝ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների վարչությունների ու հաստատությունների հետ:
«Չնայած երկրում համաճարակաբանական իրադրության հարաբերական կայունությանը, կորոնավիրուսի համավարակի ավարտվելու մասին դեռ չպետք է խոսել»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Կորոնավիրուսը նշանակալի սպառնալիք է մնում քաղաքացիների կյանքի ու առողջության համար, հատկապես նրանց, ովքեր պատկանում են ռիսկի խմբերին, նշել է Պոպովան, որի խոսքը մեջբերվում է հաղորդագրության մեջ: Գերատեսչության տվյալներով՝ կորոնավիրուսի հաստատված դեպքերի 97,5 տոկոսը բաժին է ընկնում «օմիկրոն»-ին, 0,5 տոկոսը՝ «դելտա»-ին, 2 տոկոսը՝ այլ չգերիշխող տարատեսակներին:
«Ռոսպոտրեբնադզոր»-ի՝ ՌԴ-ի տարածաշրջանային վարչությունների ղեկավարներին հանձնարարվել է տարածաշրջանների իշխանական մարմինների հետ համատեղ վերահսկողության տակ պահել կորոնավիրուսին հակազդելու իրադրությունը եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել համաճարակաբանական իրադրության վատթարացման դեպքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: