Արմեն Գևորգյանին վերջապես թույլ տրվեց մեկնել Ստրասբուրգ, իսկ Արամ Օրբելյանը լքեց դատական նիստերի դահլիճը. շարունակվում էր «Սիլվայի գործով» նիստը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ԵԴ/0253/01/19 կամ «Սիլվայի գործով» քննությունը։
Դատարանն անցավ ապացույցների հետազոտման կարգի սահմանմանը՝ առանց քննարկելու պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունները։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լքեց դատական նիստերի դահլիճը՝ չհամաձայնելով դատավորի գործողությունների հետ։
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ դատական նիստին Դանիբեկյանը տեղեկացրել է, որ դատարանն ստացել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի միջնորդությունը երկրից ժամանակավորապես բացակայելու վերաբերյալ։ Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը նշեց, որ դատարանն անընդհատ հետաձգում է այս միջնորդության քննարկումը, և խնդրեց դա անել հիմա։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը, իր հերթին, հիշեցրեց Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության մասին։ Նախագահող դատավորը խոստացավ այսօրվա նիստին քննարկել այդ միջնորդությունները և պնդեց, որ անցնում է ապացույցների հեռազոտման կարգը սահմանելուն։
Դատախազն առաջարկեց սկզբից հարցաքննել Սիլվա Համբարձումյանին, Վարդան Օսկանյանին, Լևոն Սուլթանյանին, Անահիտ Իսրայելյանին, Կարմեն Սահակյանին, Անդրանիկ Գևորգյանին։ Նաև դատախազությունը պատրաստվում է միջնորդել միջոցներ ձեռնարկել հետախուզման մեջ գտնվող Սամվել Մայրապետյանին հարցաքննելու համար։
Արամ Օրբելյանը խնդրեց պարզաբանել՝ ինչ դատավարական գործընթացով է դատարանը հրաժարվում ապացույցներից։ «Քրեական գործի մեջ կա ավելի քան 100 հատոր նյութ, որի մեծ մասն ապացույցներ են, կա դատակոչի մեծ ցուցակ, իսկ դատախազը, ըստ էության, հրաժարվում է այդ ապացույցներից»,- ասաց պաշտպանը։ Ըստ նրա՝ ցուցակի մեջ պետք է նաև ավելացնել դատավարական փաստաթղթերն ուսումնասիրելը։ Օրբելյանը նաև առաջարկեց Սիլվա Համբարձումյանին հարցաքննել ամենավերջում, ընդ որում՝ նույն օրը միաժամանակ ուսումնասիրել իր գրավոր ցուցմունքները։
Այնուամենայնիվ, դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգը, ըստ որի՝ դատարանը սկզբից կհետազոտի մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, մասնավորապես, դատավարական գործողությունների արձանագրությունները, ըստ մեղադրական եզրակացության նշված հերթականության՝ զննում, առգրավում կատարելու վերաբերյալ արձանագրությունները, իրեղեն ապացույցները և այլ փաստաթուղթ ապացույցները, որից հետո կանդրադառնա վկաների հարցաքննությանը։ Վկաներին հարցաքննելու են ըստ դատակոչի ցուցակի։ Խոսքը վերաբերում է Սիլվա Համբարձումյանին, Վարդան Օսկանյանին, Լևոն Սուլթանյանին, Անահիտ Իսրայելյանին, Կարմեն Սահակյանին, Անդրանիկ Գևորգյանին։ Վկաների ցուցմունքները լսելուց հետո դատարանը կհետազոտի գործում առկա փաստաթղթերը․ յուրաքանչյուր կողմ կհրապարակի այն փաստաթուղթը, որն իր կարծիքով՝ նշանակություն ունի սույն գործի համար։ Փաստաթղթերի հրապարակումից հետո դատարանը կանցնի ամբաստանյալների հարցաքննությանը, եթե վերջիններս ցանկություն ունենան դատարանում ցուցմունք տալ։
Պաշտպան Արամ Օրբելյանն առարկեց՝ նշելով, որ դատարանը թույլ է տվել դատավարական գործընթացով չնախատեսված գործողություն։ «Անհասկանալի իրավական պրոցեսի արդյունքում առանձնացվեց 5 վկա։ Չեմ տեսնում դատակոչի ցուցակում առկա բոլոր վկաներին չլսելու որևէ կառուցակարգ»,- հայտարարեց Օրբելյանը։ Դատավոր Դանիբեկյանը պարզաբանեց, որ ապացույցների նշված ծավալը հետազոտելուց հետո դատարանը կքննարկի կողմերի միջնորդությունները, այդ թվում՝ այլ վկաներին դատակոչելու և հարցաքննելու, ինչպես նաև կհետազոտի նրանց ներկայացրած լրացուցիչ ապացույցները։
Ապացույցների հետազոտման նման կարգին դեմ առարկեց նաև պաշտպան Լուսինե Սահակյանը։
Այսօր նաև հերթական միջնորդությամբ հանդես եկավ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը, ով կրկին պնդեց՝ Արմեն Գևորգյանը պետք է մեկնի Ստասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստին:
Հաշվի առնելով, որ Արմեն Գևորգյանը պատրաստվում է ԵԽԽՎ-ում բարձրացնել Արցախյան հակամարտության վերաբերյալ հարցեր, դատարանը վերջապես թույլ տվեց ընդդիմադիր պատգամավորին մեկնել Ստրասբուրգ։
Վերադառնալով դատավարական ընթացակարգերին՝ Արամ Օրբելյանն առաջարկեց սկզբից քննարկել քրեական գործը կարճելու միջնորդությունը, իսկ դատավորը պնդում էր, որ անցնում է ապացույցների հետազոտմանը։ Օրբելյանը հայտարարեց, որ կլքի նիստերի դահլիճը, նույնիսկ առանց դատարանի թույլտվության, իսկ իր կարգապահական պատասխանատվության հարցը դատավորը կարող է քննարկել իր ներկայությամբ։
«Կարող եմ ձևական դուրս գալ և նորից մտնել դահլիճ, որպեսզի այդ հարցն իմ ներկայությամբ քննարկեք»,- հայտարարեց Օրբելյանը։
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց՝ պնդելով, որ դատարանն անցնի ապացույցների հետազոտմանը։ Դատախազի առարկությունից հետո դատավորը սահմանափակեց պաշտպանի արտահայտվելու ժամանակը՝ տրամադրելով ընդամենը 5 րոպե։
«Ապացույց չի կարող հետազոտվել մի գործում, որտեղ ապացույց չկա»,- ասաց Օրբելյանը՝ պատրաստվելով դուրս գալ նիստերի դահլիճից և հավելելով, որ կարգապահական պատասխանատվության հարցը քննարկելիս մինչև վերջ հրապարակվի իր գրավոր դիրքորոշումը, որը պաշտպան Լուսինե Սահակյանի մոտ է։
Դատավորի հարցին՝ պատրաստվո՞ւմ է արդյոք վերադառնալ դահլիճ, Օրբելյանը պատասխանեց՝ եթե 17։00-ին նիստ լինի, կվերադառնամ։
«Դատարանը թույլ չի տալիս մեղադրանքի պարզաբանման փուլ կոչվածն ավարտին հասցնել և որոշում է ապացույցներ հետազոտել։ Դատավարությունը չի կարող հասնել ապացույցների հետազոտման փուլ, քանի դեռ գործը նախապատրաստված չէ»,- հայտարարեց պաշտպանը։
Ի վերջո, պաշտպանը դուրս եկավ՝ խոստանալով վերադառնալ 16։30-ին, եթե նիստը կշարունակվի։ Դատավորը հայտարարեց, որ առանց Օրբելյանի նիստը չի կարող շարունակվել, և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Օրբելյանի նկատմամբ դատական սանկցիայի հարցը քննարկելու՝ թույլ չտալով նույնիսկ հրապարակել պաշտպանի դիրքորոշումը։
Դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 3-ը։