Ծովախեցգետին, կարմիր ձուկ, սուրճով կոնյակներ և չրեր. ԲՏԱ-ում 20 միլիոն դրամի ներկայացուցչական ծախս են կատարել
2022 թ. մարտի 31-ից ապրիլի 2-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը, որի կազմակերպիչը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն էր։
Թեև նախարարությունը նախապես գիտեր, որ նման միջոցառում է կազմակերպվելու, սակայն, ինչպես միշտ, այս անգամ ևս բոլոր ծախսերն իրականացրել է մեկ անձից գնման ընթացակարգով՝ առանց մրցույթների։
Եվ այսպես՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 4.5 միլիոն դրամով մեկ անձից գնում է կատարել Մարզահամերգային համալիրում տաղավարի կառուցման համար։
Գնումը կատարել են «Պրոմ էքսպո» ընկերությունից։
«Միլենիում Սվիթ» ՍՊԸ-ից 3 միլիոն 310.000 դրամով ավտոմեքենաներ են վարձակալել։
9 միլիոն 360.000 դրամ վճարել են «Բլիզարդ» ՍՊԸ-ին՝ 650 հոգու համար ծովախեցգետնով, կարմիր ձկով, թառափով, չրով, կոնյակով և այլ ուտեստներով ֆուրշետի սեղան գցելու համար։
Սուրճի ընդմիջումների վրա ծախսել են 1 միլիոն 950.000 դրամ։
«Հայր և որդի» Երեմյաններ ՍՊԸ-ից էլ 600.000 դրամի սնունդ են գնել, ևս շուրջ 500.000 դրամի էլ՝ չրեր, սրճային գինիներ, շարֆեր և այլ գնումներ են կատարել։
345.000 դրամով էլ ներկայացուցչական ծառայություններ են մատուցվել ժամանող և մեկնող հատուկ ուղևորներին «Արմենիա» միջազգային օդանավակայանի VIP սրահում սպասարկելու համար։
Արդյունքում՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն այդ միջոցառման կազմակերպման համար կատարել է 20 միլիոն դրամի ներկայացուցչական ծախս։