ՔՊ-ում դաժան մրցապայքար է ընթանում․ ովքե՞ր կներառվեն կուսակցության վարչության կազմում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Քաղպայմանագիր» կուսակցության վարչության` մայիսին սպասվելիք ընտրությունները ՔՊ վերնախավին այսօր ավելի շատ են զբաղեցնում, քան Արցախի հարցն ու սահմաններին տիրող իրավիճակը: ՔՊ-ում դաժան մրցապայքար է ընթանում վարչության 15 հոգանոց կազմում հայտնվելու համար: Սա, ըստ էության, սովետական պոլիտբյուրոյի, ՀՀԿ Գործադիր մարմնի նման կարեւոր մարմին է լինելու, քանի դեռ ՔՊ-ն իշխանության է, որտեղ քննարկվելու եւ լուծվելու են շատ կարեւոր հարցեր: Վարչության կազմը ոորշվելու է քվեարկությամբ, որին մասնակցելու են բոլոր կուսակցականները, եւ վարչությունը կազմվելու է ռեյտինգային սկզբունքով:

Ըստ այդմ, արդեն ակնհայտ է, որ 15-ից մոտ 10-ի անունները հայտնի են` նրանք անվիճելի լիդերներ են եւ անպայման տեղ կունենան վարչությունում: Այսինքն, հաջորդ վարչությունում եւս կլինեն Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Արարատ Միրզոյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Տիգրան Ավինյանը, Ռուբեն Ռուբինյանը, Հակոբ Արշակյանը, Ռոմանոս Պետրոսյանը: Պայքարը գնալու է մնացած 6 տեղի համար, որտեղ երկուսն անպայման պետք է կին լինեն․ հավակնորդներն են Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը եւ ակտիվ կին պատգամավորներից մեկնումեկը: Մնացած 4 տեղի համար պայքարելու են Վիլեն Գաբրիելյանը, Գարիկ Սարգսյանը, Հակոբ Սիմիդյանը, Արմեն Փամբուխչյանը, Էդվարդ Աղաջանյանը, Արսեն Թորոսյանը եւ էլի մի քանի հոգի»:

Տեսանյութեր

Լրահոս