Նիկոլի շանտաժը Արայիկ Հարությունյանին

Երեկ, երբ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները Արցախի դրոշ տեղադրեցին ամբիոնի վրա և հայտարարեցին, որ բոյկոտում են ԱԺ նիստերը և մեկնում Արցախ, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, դիմելով իր ղեկավար Նիկոլ Փաշինյանին, կոչ արեց վերանայել այն սկզբունքներն ու աշխատանքային գործիքակազմը, որն իրականացվում է Հայաստանի ու Արցախի միջև:

«Պահանջում եմ, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանն իր կողմից իրականացվող անհեռատես քաղաքականության համար, որովհետև, եթե Հայաստանը ձախողի այս գործընթացը, Հայաստանի՝ որպես երկիր լինելը դրվում է վտանգի տակ: ԱԱԾ-ից պահանջում եմ հասկանալ, թե ի՞նչ են անում ու ո՞ւր են տանում այս գործողությունները, որովհետև մենք պատասխանատու ենք Հայաստանի ժողովրդի առջև, ժողովուրդը մեզ տվել է մանդատ ու ասել է՝ գնացեք ու ապահովեք խաղաղություն հարևանների հետ»,- ասաց նա:

Դրան զուգահեռ, արդեն երկու օր է` ընդամենը վերջերս հատուկ հանձնարարություններով դեսպան
նշանակված Էդմոն Մարուքյանը իր հարցազրույցներում և այսօր էլ` Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում իր ելույթում թմբկահարում են, թե ՀՀ կառավարությունը որքան դրամական օգնություն է ցուցաբերում Արցախին, ինչը ըստ նրանց ապացույց է, որ ձեռքերը չեն լվացել Արցախից:

«…Ետպատերազմական ճգնաժամային տարում կառավարությունը ոչ միայն չկրճատեց ծախսերը, այլև լրացուցիչ ծախսեր ֆինանսավորելու հնարավորություն ունեցավ: Այդ լրացուցիչ ծախսերի մի զգալի մասը ուղղվեց պատերազմից վիրավոր Արցախի սոցիալ տնտեսական խնդիրների լուծմանը: Ու այս ֆոնին, երբ 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի ավարտը կառավարությունը Արցախում իրականացրել է 136 միլիարդ դրամի ծրագիր, իսկ 2022 թվականի բյուջեով 144 միլիարդ դրամի ֆինանսավորում է նախատեսել, մարդիկ կան, որոնց լեզուն պտտվում է ասել, թե Հայաստանը Արցախից ձեռքերը լվացել է»,-այսօր հայտարարեց Փաշինյանը, որի ամբողջ ելույթը մեկ նախադասությամբ կարելի էր բնորոշել, որ պատրաստվում է ստորագրել մի փաստաթուղթ, որի արդյունքում Արցախը լինելու է Ադրբեջանի մաս ինչ-որ անհասկանալի կարգավիճակով:

Եվ այդ հայտարարությունները բոլորովին պատահական չեն: Ակնհայտորեն լուրջ տարաձայնություններ են առաջացել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների միջև: Երեկ Արայիկ Հարությունյանը Մարտակերտում ունեցած հանդիպումների ընթացքում Փաշինյանի ծրագրերին բոլորովին հակառակ դիրքորոշում է արտահայտել` հավանաբար վերջնականապես հասկանալով վերջինիս բուն նպատակները, այն է` Արցախը ամբողջովին նվիրաբերել ադրբեջանական և թուրքական տարածաշրջանային պրոյեկտին:

Ըստ 168.am-ի հավաստի աղբյուրների` Նիկոլ Փաշինյանն այսօր Արայիկ Հարությունյանին սպառնացել է` իրեն չենթարկվելու և իր հրահանգները չկատարելու դեպքում Արցախին զրկել Հայաստանի պետական բյուջեից տրվող որևէ օգնությունից:

Ըստ նույն աղբյուրների` Արայիկ Հարությունյանը բավական կոշտ է պատասխանել Փաշինյանին: Թերևս սա առաջին շանտաժը չէ Փաշինյանի կողմից, քանի որ Արայիկ Հարությունյանը վերջերս Արցախի ԱԱԽ նիստում ասել էր, որ դժվար ժամանակներ են սպասվում և պետք է անցնեն խնայողական ռեժիմի:

Տեսանյութեր

Լրահոս