Բաժիններ՝

Երևանում վարձակալած բնակարանի պահարանում հայտնաբերվել է ռուս փաստաբանի դին

Երևանում մահացած են գտել Եկատերինբուրգից փաստաբան Վիկտորիա Պոպովային։ Նրա դին հայտնաբերվել է Երևանում վարձակալած բնակարանի պահարանում։ Դրսի դուռը ներսից փակված է եղել։

Մահացածի հարազատները ՌԴ Քննչական կոմիտեին խնդրել են քրեական գործ հարուցել սպանության հատկանիշներով, որպեսզի օբյեկտիվ քննություն ընթանա։

Վիկտորիայի դին գտել է նրա երևանաբնակ ծանոթը, որը երկար ժամանակ չի կարողացել կապ հաստատել նրա հետ ու եկել է նրա բնակարան։

«Դուռը փակ է եղել, ծանոթը զանգահարել է ու ներսից լսել հեռախոսի ձայնը, ինչից հետո ոստիկանություն է կանչել։ Երբ կոտրել են դուռը, նրա դին հայտնաբերել են պահարանում»,-պատմել է փաստաբանի ընկերուհին։

Նա նշել է, որ Հայաստանի քննչական մարմինները մահվան հիմնական վարկած են համարում ինքնասպանությունը, սակայն մահացածի հարազատներն այդ վարկածին չեն հավատում։

Դեռևս լուծված չէ նաև նրա դին Երևանից տեղափոխելու հարցը։

Վիկտորիա Պոպովան աշխատել է ՌԴ իրավապահ մարմիններում, ավելի ուշ ստացել է փաստաբանի որակավորում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս