Կանանց միամսյակի քեֆ՝ բյուջեի հաշվին

168.am-ի տեղեկություններով՝ կանանց միամսյակի շրջանակներում Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետ Սերգեյ Ատոմյանը մոտ մեկ միլիոն դրամ է ծախսել ՔԿԾ կենտրոնական մարմնում տոնական խնջույքների համար: ՔԿԾ-ում մի ամսվա ընթացքում երկու անգամ պետբյուջեից այդ նպատակի համար գումար ծախսելը կարծես թե ճոխություն չէ, երբ ամեն ամիս ՔՊ-ական կառավարության շնորհիվ ավելանում է ՀՀ պետական պարտքը, էլ ավելի ծանրանում քաղաքացիների սոցիալ-տնտեսական կյանքը։

Բնական է, պատերազմով ամեն ինչ չի ավարտվում, կյանքը շարունակվում է, բայց պատերազմից հետո առավել ևս բարոյականության նշույլներ ունենալու պարագայում պետք էր խնայել ամեն մի կոպեկը, և խնջույքներն անձնական միջոցների հաշվին կատարել։

Երևանամերձ ռեստորաններից մեկում ճոխ միամսյակը միայն ՔԿԾ կենտրոնական մարմնի կանանց մասնակցությամբ տոնող ՔԿԾ ղեկավարությունը, հետաքրքիր է, իսկ կանանց միամսյակի շրջանակներում ՔԿ հիմնարկներում աշխատող կանանց ի՞նչ նվեր մատուցեց, տոնական հավելավճա՞ր միգուցե…

Բյուջեի հաշվին ՔԿ հիմնարկներում աշխատող կանայք արդյո՞ք գնացին որևէ տեղ՝ կանանց միամսյակը նշելու, թե՞ դրան արժանի էին միայն ընտրյալները:

Հասկանում ենք, որ տոնական միջոցառումները ևս մեկ միջոց են հին կադրերի հետ ծանոթանալու, առավել ևս՝ այդպիսի ռոմանտիկ և անմիջական միջավայրում, միմյանց հետ բաժակ բարձրացնելու, պարելու, միմյանց ավելի մոտիկից ճանաչելու համար։ Կարող են, իհարկե, բոլոր տոն օրերին հավաքվել, եթե դա կնպաստի իրենց աշխատանքի որակի բարձրացմանը, բայց գերադասելի է՝ ոչ պետական բյուջեի կամ հարկատուների հաշվին:

Ի դեպ, խնջույքի գնալը հաստատ ծառայողական գաղտնիք չէ, որ ձեր կամքը թելադրեիք անձնակազմին, չասեիք նրանց՝ ինչն է թույլատրելի, կամ ինչը՝ չէ, չսահմանափակեիք ձեր ենթակաների անձնական իրավունքները։

Փոքր տեսանյութերը դիտելով՝ հասկանալի է դառնում, որ բավականին ջերմ մթնոլորտում է անցել ձեր խնջույքը, հատկապես, երբ ՔԿԾ պետի տեղակալներից երեքի համար գինովցած ժամանակ, ինչպես ասում են, ծովը ծնկներից է դառնում, և նրանք վերածվում են իսկական ջենթլմենների՝ կիսախավարում, ռոմանտիկ լույսերի ներքո…

Ինչևէ, նրանց հետտոնական տրամադրությունը շատ չփչացնելու համար չենք մանրամասնի ՔԿԾ պետի և տեղակալների տոնական արկածների մասին թեժացած, կիսամութ պարահրապարակում, բայց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքից բացի՝ ՔԿԾ պետին խորհուրդ կտայինք խնջույքից առաջ կարդալ մարտի 15-ից ուժի մեջ մտած, իրենց իսկ կառավարության կողմից ընդունված ևս մեկ օրենք, որով սահմանափակվում է հանրային սննդի օբյեկտներում, առավել ևս փակ տարածքներում ծխախոտի և դրա փոխարինիչների օգտագործումը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին էլ խորհուրդ ենք տալիս ցուցակագրել իրենց գերատեսչական քեֆերը, գնալ դեպքի վայր ու փորձել ծխի թանձրուքում փնտրել ու գտնել իշխանության որևէ ներկայացուցչի, հետո նոր գնալ ու տուգանել սրճարաններին՝ բաց տարածքներում նշմարված մի հատիկ ծխախոտի համար:

ՄԱՐԻՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս