Համաձայն չեմ, որ Զանգեզուրի կոմբինատից պետբյուջե վճարված փողի մի մասը ծախսվի Քաջարանում. Փաշինյան
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված նախորդ ամիս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործով պետական բյուջե վճարված 15 միլիարդ դրամին։
«15 միլիարդ դրամ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի որոշ սուբյեկտներ վերադարձրել են, որը հափշտակված է եղել ՀՀ-ից, և առաջին տուժողները, կարծում եմ, եղել են Քաջարանի բնակիչները, որոնք շնչում են այդ օդը, աշխատում են, տանջվում, և եթե այդ հափշատկությունները չլինեին՝ գուցե ավելի շատ կարողանային վաստակել և պահել իրենց ընտանիքները: Ինչպե՞ս է կառավարությունը վերաբերվում այն առաջարկին, որ վերադարձված գումարներից թեկուզև չնչին մասը ծախսեր Քաջարանի բնակչության համար՝ առողջական խնդիրների, հիվանդությունների կանխարգելման, բնապահպանական հարցերի լուծման ուղղությամբ»:
Պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ հարկատու է, և եթե մենք ամեն տեղ գոյացած հարկերը որոշենք ծախսել միայն այդ տեղում… մենք հենց այդ գումարների մի մասը ծախսում ենք Քաջարանի վրա: Այդ գումարները մուտք են արվել ՀՀ պետական բյուջե, լրացուցիչ 1 միլիարդ դրամ հատկացվել է Սյունիքի մարզին: Նաև սուբվենցիոն ծրագրերի հնարավորություն կա, մենք ընդլայնել ենք այդ հնարավորությունները: Ճիշտն ասած, համաձայն չեմ Ձեր առաջարկած տրամաբանության հետ, որ կոնկրետ կոմբինատը Քաջարանում է, դրա մի մասը ծախսվի..․ Դրա մի մասը ծախսվում է, որովհետև ՀՀ պետական բյուջեի մաս է, էլ չեմ ասում, որ վերջերս օրենսդրական փոփոխություններ արեցինք, երբ հանքարդյունաբերության ոլորտից գանձվող գումարի մի մասը վերադարձվում է ՏԻՄ-երին և ծախսվում է այդ տրամաբանությամբ»: