«Եթե Արցախի իշխանությունները չեն սպասարկում ՀՀ իշխանությունների շահերը, պետք է կանգնեն ու հայտարարեն՝ նման բան եղե՞լ է, թե՞ ոչ». Մետաքսե Հակոբյան
Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ի ելույթը, երեկվա միջադեպը, երբ ՀՀ ԱԺ
ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մտնել Արցախ, ապացուցում են, որ Հայաստան-Արցախ կապը կտրվել է:
«Սա առաջին անգամ էր, որ ՀՀ քաղաքացին իր անձնագրով չկարողացավ մուտք գործել հայկական երկրորդ պետություն: Սա մի կողմից՝ ուժի ցուցադրություն էր ՀՀ իշխանությունների կողմից, որ՝ մենք կուզենք՝ կմտնեք, չենք ուզի՝ չեք մտնի, բայց մյուս կողմից՝ նաև միջազգային հանրությանն էր ցուցադրություն, մասնավորապես՝ Ադրբեջանին, որ՝ վե՛րջ, բոլոր պահանջները կատարված են: Այդ միտքն ինձնից է դուրս եկել, և ես եմ շատ օգտագործում, որ՝ այո՛, ՀՀ իշխանություններն իրենց ձեռքերը լվացել են Արցախից, այսօր ԱԺ-ում Փաշինյանը դա համարեց չհիմնավորված մեղադրանք այն պարագայում, որ փաստացի այսօր եթե կապն ընդհանրապես կտրվել է հենց ՀՀ իշխանությունների ձեռքով, էլ ի՞նչ կերպ կարելի է ապացուցել, որ ՀՀ իշխանություններն իրենց ձեռքերը լվացել են Արցախից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
Դիտարկմանը՝ իշխանությունները ռուս խաղաղապահներին են մեղադրում, նա արձագանքեց. «Սա առաջին դեպքը չէ, երբ պատեհ-անպատեհ իրենք փորձում են թիրախավորել ռուս խաղաղապահներին այնպես, ինչպես Ադրբեջանն է թիրախավորում: Կառավարության նիստին Փաշինյանն ասել էր, որ պետք է քննություն անցկացվի ռուս խաղաղապահների անգործության կամ ոչ ճիշտ գործունեության վերաբերյալ, ինչին, իհարկե, հետևեց Ռուսաստանի կոշտ արձագանքը:
Սա ցնցող հայտարարություն էր մի երկրի ղեկավարի կողմից, ով չի կարող այսօր չընդունել, որ, եթե ես, օրինակ՝ այսօր կարողանում եմ ձեզ հետ Արցախից խոսել, դա այն պատճառով է, որ ռուս խաղաղապահն այստեղ կանգնած է, հակառակ դեպքում ես ուղղակի նոյեմբերի 9-ից հետո չէի ապրելու Արցախում, ինձ թույլ չէին տալու: Երբ այդպիսի հայտարարություն անում է իշխանության գլուխը, սա ավելի մեծ վտանգ է, քան Ալիևի արած կոչերն ու հայտարարությունները:
Ինքն այլևս բացարձակ չի էլ թաքցնում, որ նույն քաղաքականությունն են վարում, ինչ Ադրբեջանը, և այսօր թիրախավորել ռուս խաղաղապահներին՝ չհիմնավորված մեղքեր բարդելով նրանց վրա, մասնավորապես, գազատարի պայթեցումը, որն ուղիղ կապված էր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունների հետ»:
Մետաքսե Հակոբյանը նկատեց՝ Փաշինյանի այսօրվա հայտարարություններից ստացվում է, որ Հայաստանը ճանաչում է Արցախը՝ Ադրբեջանի կազմում.
«Իրոք, ստացվում է այնպես, որ Արցախն այսօր մեն-մենակ է մնացել իր բոլոր խնդիրների հետ, և իրականում ֆիզիկական գոյության մասին է նաև խոսքը: Չկան այլևս Հայաստանի այն իշխանությունները, որոնք կանգնած էին Արցախի կողքին, հնչեցնում էին Արցախի ձայնը: Այսօր միակ փրկօղակը մնացել է ՌԴ-ն, որը կգնար ավելի հստակ գործողությունների, եթե ՀՀ իշխանությունները նման քաղաքականություն չվարեին: Իրենք դեմ գնալով Ռուսաստանին՝ կարծես թե դա էլ են հատուկ անում, որպեսզի Արցախի կարգավիճակի հարցը լուծեն այնպես, ինչպես Ադրբեջանն է ուզում»:
Պատգամավորի գնահատմամբ՝ ՀՀ իշխանություններն Ադրբեջանի հետ պայմանավորված են գործում. «Խոսենք փաստերով, որ չասեն՝ դրանք ենթադրություններ են կամ գուշակություններ. Ես խնդրում եմ՝ թող բոլորը հիշեն, արցախյան առաջին պատերազմից հետո եղե՞լ է որևէ դեպք, երբ ՀՀ արտգործնախարարը և Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց ունենան՝ ուղիղ կապով, առանց միջնորդ կողմի, երբևէ այդպիսի բան չի եղել: Ի՞նչ են իրենք քննարկել, մենք գիտե՞նք: Ինչո՞ւ չպետք է ենթադրենք, որ նրանք պայմանավորվել են այն, ինչ հիմա անում են: Ընդհուպ մինչև այսօրվա Փաշինյանի հաշվետվությունը ԱԺ-ում: Այս բոլորը չի կարող ուղղակի պատահականություն լինել: Մի քիչ շատ չե՞ն այդ պատահականություններն ու համընկնումները՝ սկսած 2018 թվականից»:
Հակոբյանը շեշտեց՝ ԱԺ-ում իր այսօրվա ելույթով Նիկոլ Փաշինյանը փորձում էր մարդկանց համոզել, որ ճար չի ունեցել. «Իր ելույթը լսելուց հետո ինձ մոտ բազմաթիվ հարցեր են առաջացել, որոնց ես դեռ կանդրադառնամ:
Պետք է իրեն հարց տալ՝ եթե հիմա հայտարարում է այն ամենի մասին, որ՝ սպասվում է սա, որ նաև տեղյակ էր, որ այդպիսի գործընթաց կարող է տեղի ունենալ, ապա մինչև իշխանությունը վերցնելն արդյո՞ք Սերժ Սարգսյանի հետ քննարկել է սա, արդյո՞ք Սերժ Սարգսյանի հետ քննարկման արդյունքում իսկապես եղել է պայմանավորվածություն, որովհետև այսօր հանրության մեջ առկա են, չէ՞, այդ հարցերը՝ փոխանցել իշխանությունը, որպեսզի քավության նոխազն ինքը դառնա, թե՞, ի վերջո, իշխանատենչությունը բերեց սրան, կամ այն մեծ գումարները, որ ինքը սրա արդյունքում վաստակելու է: Հաջորդ պատճառը՝ ուղղակի ատելությունը հայի նկատմամբ կարող էր տանել մարդուն այդ քայլերին:
Ինքն ասում էր, որ ունի 3 մլն վարչապետ, որի հետ ամեն ինչ քննարկելու է, ինչո՞ւ է այսօր ԱԺ ամբիոնից հայտարարում, որ, այո՛, ինքը չի քննարկել, դրանում ինքը մեղավոր է. ո՛չ, ինքը մեղավոր չէ, ինքը խաբել է բոլորին, ինքը խաբել է և դրա արդյունքում ուղղակի զավթել է իշխանությունը, որ բերի այս աղետը մեր գլխին: Եվ հենց այդ «ժողջանի» զավակներն են զոհվել՝ այդ արհավիրքի ժամանակ, ու ինքն արդարանում է, որ մտածել է… ինքը ազգի ճակատագիրը որոշողն էր, հիմա կանգնել ու ասում է, որ մտածում էր, թե կփրկի հազարավոր կյանքեր, բայց արդյունքում ինքը կործանեց հազարավոր կյանքեր: Մարդն իր հասցեին մեղադրանք է ներկայացնում, և ես զարմանում եմ, որ արդեն մի քանի ժամ է անցել, և դեռ իրավապահ մարմինների արձագանքը չկա: Այդ անձը հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին՝ սեփական հանցագործությունների, ու դեռևս որևէ արձագանք չկա իրավապահներից: Ինքը 2019թ. Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարեց, որ Արցախի ժողովուրդն իրեն մանդատ չի տվել, և չի կարող նրանց ճակատագիրը որոշել, բա ո՞նց եղավ, որ Արցախի ժողովրդի հետ չխորհրդակցելով՝ այս աղետը բերեց»:
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հետևյալը հայտարարեց․
«Ես վարչապետ դառնալուց հետո շատ կարևոր եմ համարել մի հատ հասկանալ՝ Ղարաբաղում ի՞նչ են մտածում, որովհետև, ի վերջո, Ղարաբաղի հարցը Ղարաբաղի հարցն է: Եվ այն, ինչ ասվել է, դիրքորոշումները եղել են նույնական: Քանի անգամ Արցախի բանի հետ խոսել եմ, Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ ենք արել, ասել եմ՝ սենց եմ պատկերացնում, համաձա՞յն եք. համաձայն ենք, համաձայն ենք, ու այսօր ոչինչ չեն ասում դրա մասին, և երևի չեն էլ ասի»:
Մետաքսե Հակոբյանն այս հայտարարության վերաբերյալ ակնկալում է Արցախի իշխանությունների արձագանքը. «Մենք Արցախի իշխանություններին կտանք այդ հարցը՝ արդյո՞ք Արցախի հետ քննարկվել են այդ բոլոր խնդիրները: Ինձ համար տարբերություն չկա՝ Նիկոլ Փաշինյա՞ն, թե՞ Արցախի իշխանություններ, իրենք բոլորը հավասար մեղավոր են, բայց մենք էլ հիմա ուղղակի պետք է մտածենք, որ ինքը կրկին ստում է՝ այս անգամ էլ Արցախի իշխանությունների վրա բարդելով, որպեսզի իր կաշին փրկի: Եթե Արցախի իշխանությունները քաջություն ունեն և չեն սպասարկում ՀՀ իշխանությունների շահերը, պետք է կանգնեն ու հայտարարեն, որ նման բան եղել է կամ չի եղել, հակառակ դեպքում՝ իրենք նույն հանցագործն են, ինչ Նիկոլ Փաշինյանը, որովհետև այսօր այդ անձն ինքն իր մասին նշեց, որ ինքը հանցագործ է»: