Հարավային Կորեան Ուկրաինային մահացու զենքի մատակարարում չի քննարկում
Հարավային Կորեան չի քննարկում Ուկրաինային մահացու զենքի մատակարարման հնարավորությունը, չնայած Կիեւի խնդրանքին: Այդ մասին լրագրողներին հաստատել է Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարության լիազոր անձը:
Ավելի վաղ Հարավային Կորեայի գործող վարչակազմը որոշել է Ուկրաինային փոխանցել 30 միլիոն դոլար գումարի լրացուցիչ հումանիտար օգնություն՝ ի հավելումն արդեն ուղարկված 10 միլիոն դոլարի օգնության, որի մի մասը տրամադրվել է միջազգային կազմակերպությունների միջոցով:
Բացի այդ, պաշպանության նախարարությունը հաջորդ շաբաթվանից փուլ առ փուլ Կիեւին կուղարկի 2 միլիարդ վոն (մոտավորապես 1,6 միլիոն դոլար) գումարի ռազմական ապրանքներ, բայց ոչ զենք, ներառյալ զրահաբաճկոններ, սաղավարտներ, դեղամիջոցներ եւ չոր մթերաբաժիններ: Մատակարարումներն իրականացվելու են Եվրոպա քաղաքացիական ավիաչվերթներով:
Ավելի վաղ պաշտպանության նախարարությունն արդեն մեկ միլիարդ վոն (մոտավորապես 816 հազար դոլար) գումարի չափով նմանօրինակ օգնություն տրամադրել էր Ուկրաինային: «Մենք (Ուկրաինային) աջակցություն ենք ցուցաբերում այնպիսի հումանիտար օգնության միջոցով, որը բացառում է սպառազինությունը… Մենք նաեւ առաջ ենք քաշում լրացուցիչ օգնության պլանը:
Այս փուլում բանակցություններ են ընթանում ռազմական ապրանքների լրացուցիչ մատակարարումների շուրջ, սպառազինությունների մատակարարում չի քննարկվում: Այդ դիրքորոշումը հրապարակել է նաեւ մեր պաշտպանության նախարարությունը»,-լրագրողներին հայտարարել են ԱԳ նախարարությունում: Նաեւ Կորեայի դեղագործական եւ կենսադեղագործական արտադրողների ասոցիացիան հայտարարել է, որ երեք միլիարդ վոնի (մոտավորապես 2,45 միլիոն դոլարի) հումանիտար եւ բժշկական օգնություն կմատակարարի Ուկրաինային, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: