Ճապոնիան AUKUS-ին մասնակցելու հրավեր է ստացել. «Սանկեյ»
Ճապոնիան ոչ պաշտոնական հրավեր է ստացել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի AUKUS պաշտպանական դաշինքին մասնակցելու համար, որի ստեղծման մասին հայտարարվել էր անցյալ տարվա սեպտեմբերին:
Այդ մասին հաղորդել է «Սանկեյ» ճապոնական թերթը: Թերթի տեղեկությունների համաձայն, Ճապոնիան այդպիսի հրավերներ է ստացել դաշինքի յուրաքանչյուր մասնակից երկրից:
AUKUS-ի երկրները շահագրգռված են Ճապոնիայի հետ գործընկերությամբ, քանի որ գերձայնային զենք եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ մշակելիս կարող է Ճապոնիայի բարձր տեխնոլոգիաների ներուժն օգտագործվել այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են՝ կիբեռտարածությունը, քվանտային տեխնոլոգիաները, արհեստական ինտելեկտը եւ այլն:
Կառավարությունում նման համագործակցության հեռանկարների վերաբերյալ կարծիքները բաժանվել են: Ոմանք կարեւոր են համարում ԱՄՆ-ի շուրջ դաշինքի ամրապնդումը՝ Չինաստանի աճող ռազմական հզորության ֆոնին, մյուսները, ընդհակառակը, կասկածում են դրա նպատակահարմարությանը, քանի որ Ճապոնիան արդեն երկկողմ համագործակցության հարաբերություններ ունի երեք երկրներից յուրաքանչյուրի հետ, բայց միեւնույն ժամանակ նա չի կարողանա մտնել մի շարք այնպիսի նախագծերի մեջ, ինչպիսիք ատոմային սուզանավերի նախագիծն է:
Ճապոնիան ողջունել է անցյալ տարի պաշտպանական դաշինքի ստեղծումը եւ պաշտպանել է նրա այն որոշումը, որն ուղղված է այս տարվա գարնանը գերձայնային զենքի մշակմանը: Ավելի վաղ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիան պայմանավորվել էին նոր համագործակցություն սկսել գերձայնային զենքի եւ դրանից պաշտպանության միջոցների մշակման ուղղությամբ:
Անցյալ տարվա սեպտեմբերի կեսերին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը համատեղ հայտարարություն են հրապարակել պաշտպանության եւ անվտանգության բնագավառում գործակցության նոր եռակողմ ձեւաչափ ստեղծելու մասին, որը ստացել է AUKUS անվանումը:
Ավստրալիան հայտարարել է, որ որոշել է ստեղծել ատոմային սուզանավերի նավատորմ եւ հրաժարվել ֆրանսիական Naval Group-ի հետ 90 միլիարդ ավստրալական դոլար (շուրջ 56 միլիարդ եվրո) արժողությամբ պարտավորագրից՝ հօգուտ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ համատեղ նախագծի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: