ՔԿԱԳ գործակալության նոր պետի նախկին զբաղմունքը՝ գերգաղտնի շրիֆտի տակ
ՀՀ Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գործակալության (ՔԿԱԳ) պետը փոխվել է:
Ապրիլի 7-ից այդ պաշտոնը զբաղեցնում է Արման Ավետիսյանը:
Ուշագրավ է, որ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում այդ մասին տեղեկությունը բացակայում էր, քանի դեռ 168.am-ը նախարարությունից չփորձեց ճշտել՝ ո՞վ է ՔԿԱԳ գործակալության գործող պետը, և երբ է նշանակվել այդ պաշտոնին:
Եվ սա ամենևին տարօրինակ չէ: Արդարադատության նախարարությունը, ինչպես արդեն գրել ենք, Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն չունի. Կարեն Անդրեասյանը լուծարել է այդ վարչությունը, իսկ միայն խոսնակը չի կարող այդ ահռելի ծավալի աշխատանքը միայնակ կատարել:
Մինչ Արման Ավետիսյանի նշանակումը ՔԿԱԳ գործակալության պետի պաշտոնը 2021թ. սեպտեմբերի 23-ից զբաղեցնում էր Արտաշես Խալաթյանը, ով դրանից առաջ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետի պաշտոնն էր զբաղեցնում:
Նրանից առաջ ՔԿԱԳ գործակալության պետն Անի Մխիթարյանն էր, ով մանկավաճառության հայտնի գործով այս պահին էլ որպես մեղադրյալ է անցնում: Ի դեպ, ներկայումս նա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնն է զբաղեցնում: Մինչ այդ աղմկահարույց դեպքից ու հարուցված քրեական գործից հետո աշխատանքից ազատված Անի Մխիթարյանը Կարեն Անդրեասյանի խորհրդականն էր: Գործող պետի՝ Արման Ավետիսյանի մասին մենք շատ տեղեկություններ չգտանք: Համացանցը մեզ հուշեց, որ Արման Ավետիսյան անունով անձը զբաղեցնում է ՔԿԱԳ Արմավիրի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը:
Արդարադատության նախարարությունից, սակայն, ասացին, որ դա նույն անձը չէ: Հարցրեցինք՝ իսկ ո՞վ է ՔԿԱԳ գործակալության նոր պետը, և ո՞րն է եղել նրա նախկին աշխատավայրը: Մեզ խնդրեցին հարցում ուղարկել, կպատասխանեն:
Այսինքն՝ ՔԿԱԳ գործակալության պետ են նշանակում թաքուն, նոր պետի մասին որևէ տեղեկություն կայքում չկա, առհասարակ որևէ տեղ չկա, մեր հարցից հետո նոր անունը կայքում ավելացնում են, և երբ հարցնում ենք՝ ով է, որտեղից է եկել, ի վերջո, մարդու նախկին աշխատավայրը որն է, պահանջում են հարցում ուղարկել:
Այս պատասխանից հետո շարունակեցինք մեր «պեղումները»: Եվս մեկ Արման Ավետիսյան գտանք:
Եվ եթե այս Արման Ավետիսյանն է ՔԿԱԳ գործակալության նոր պետը, ուրեմն նա նոր մարդ չէ ՔԿԱԳ համակարգում. ինչպես ասում են, նախկին է: