Բաց նամակ ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանին
Հայտնի ռեժիսոր, բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը ArmLur.am-ի հետ զրույցում, դեմ արտահայտվելով ԲՈՒՀ-երի օպտիմալացման ծրագրին, վիրավորել էր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին: Հետո, իհարկե ներողություն էր խնդրել…, բայց էականը դա չէ:
Հարգելի պարոն Ծատուրյան
Պարոն Դումանյանը գիտնական մարդ է և ԲՈՒՀերի օպտիմալացման ծրագրի հետ կապ ունի այնքանով, ինչքանով այս պահին ԿԳՄՍ նախարարն է: Այդ ծրագրի իրական հեղինակը Ձեր վարչապետն է, որը դեռ երկու տարի առաջ հայտարարեց, որ ԲՈՒՀերն ընդհանրապես պետք է հանել Երևանից և տեղափոխել, առայժմ գոյություն չունեցող, ուսանողական «քաղաք», որը դեռ պարզ չէ, թե, երբ և որտեղ պետք է կառուցվի: Նպատակը չնշեց: Սակայն օդում կախված լուրերի համաձայն, դրա նպատակը մեկն է՝ նոր իշխանական օլիգարխներին, որոնք չգիտես ինչ միջոցներով ձեռք են բերում նախկին օլիգարխների մոնումենտի առանձնատներն ու ծաղկաձորների հյուրանոցները, վաճառել այսօրվա ԲՈՒՀերի շենքերը: Երևի նոր իշխանական օլիգարխների սիրտը հիմա էլ համալսարանական շենքեր է ուզում:
Ձեր հարցազրույցի մեջ ասում եք, որ կարող եք անգամ «քրֆել»(սա Ձեր արտահայտությունն է) և չեք վախենում նստելուց: Նստել պետք չէ, ոչ էլ՝ հայհոյել: Պարզապես, որպես ռեժիսոր շատ լավ պետք է, որ իմանաք, որ նախարարն այս պատմության մեջ ընդամենը դերակատար է, իսկ բեմադրող ռեժիսորը լրիվ այլ հասցեում է գտնվում: Եվ, եթե բեմադրությունը վատն է միակ մեղավորը բեմադրիչն է: Որովհետև, եթե անգամ բեմադրությունը «պռավալի» է գնում դերակատարի պատճառով, միևնույն է մեղավորը բեմադրիչն է, որովհետև իսկզբանե այդ դերակատարին ընտրել է հենց ռեժիսորը:
Այնպես, որ կարիք չկա այս կամ այն անձի վրա փորձել ցույց տալ «անկախ և անվախ» մտավորական լինելու փաստը (բայց հետո «на всякий» ներողություն խնդրել): Ձեր բոլոր մուննաթներն ու «քֆուրները» միայն մեկ հասցեատեր ունեն… և Դուք շատ լավ գիտեք այդ հասցեատիրոջ անունն ու ազգանունը:
Ամենայն հարգանքով՝
Ձեր նախկին հանդիսատես
ՀՀ ոչ հպարտ քաղաքացի
Կարեն Քոչարյան