Բաժիններ՝

Երևանում ոստիկանությունը բերման է ենթարկել թմրավաճառին և նրա 22-ամյա դստերը

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Դրոյի փողոցի 55-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է ձեռք բերում, պահում և իրացնում: Սա դեռ փետրվարի 21-ին էր, և հենց այդ օրն էլ իրավապահները ձեռնարկեցին կոնկրետ գործողություններ:

Երեկոյան ժամը 6-ին Դրոյի փողոցից նրանք բերման ենթարկեցին 38-ամյա երկու տղամարդու` մեքենայով հանդերձ: Փաստական տվյալներ կային, որ նրանցից մեկը րոպեներ առաջ էր 10 հազար դրամով վերոհիշյալ 55-ամյա տղամարդուց ձեռք բերել մարիխուանա: Ըստ բերման ենթարկվածի` թմրանյութն իր օգտագործման համար էր:

Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները շարունակեցին միջոցառումները` արդեն համագործակցելով քննչական բաժնի ծառայողների հետ: Փետրվարի 23-ին իրավապահները բերման ենթարկեցին մեկ այլ տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և նմանատիպ զանգվածով լուցկու տուփ: Իրավապահները փաստական տվյալ ունեին, որ նա ևս մարիխուանան ձեռք էր բերել Դրոյի փողոցի նույն բնակչից, սակայն՝ նրա դստեր միջոցով:
Նույն օրը խուզարկություն կատարվեց թմրավաճառի տանը: Հայտնաբերվեցին դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ, տոպրակ, պոլիէթիլենային պարկեր ու լուցկու տուփեր, ծխամորճեր, էլեկտրոնային կշեռք և այլն:

22-ամյա դուստրը ստորագրությամբ բաց թողնվեց, իսկ 55-ամյա հայրը կալանավորվեց:

Իսկ ոստիկանության հակաթմրամիջոցային քաղաքականությունը շարունակական է. 2022 թվականը հայտարարվել է թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի տարի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս