Բաժիններ՝

«Տղայիս արյունը չի վաճառվում․ մեր ընտանիքին մի՛ անհանգստացրեք ձեր քաբաբի հրավերներով»․ որդեկորույս մայրը մերժել է Աննա Հակոբյանի հրավերը

Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ապրիլի 7-ին հերթական միջոցառումն է պլանավորել, և 1 շաբաթից ավելի է՝ զոհված տղաների մայրերին, քույրերին հրավերներ են ուղարկվում։

Այսօր Աննա Հակոբյանի անունից, թերևս, հրավեր է ուղարկվել նաև պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի մորը, սակայն հերոսի մայրը մերժել է տիկնոջ կազմակերպած խնջույքին մասնակցելու հրավերը՝ շեշտելով, որ որդու արյունը չի՛ վաճառվում։ Գևորգ Ջավախյանի մայրը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է․

«Տղայիս՝ Գևորգ Ջավախյանի արյունը չի վաճառվում։ Մեր ընտանիքին մի՛ անհանգստացրեք ձեր խորոված, քաբաբի հրավերներով։

Մենք դավաճան, մարդասպանների հետ սեղան չենք նստում։ Թուրքը չունի, չի ունեցել և չի էլ ունենալու տեղ մեր շարքերում։

Սեղան նստում են կամ հաց կիսում՝ միայն բարեկամ, հարազատների հետ։

Ձեր հրավերներն անգամ մինչև վերջ լսելու ցանկություն չկա։ Թուրքն իմ թշնամին է, թուրքին սատարողները՝ նույնպես»։

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանի կազմակերպած ապրիլ 7-յան միջոցառման հրավեր էր ստացել 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը։ Նա նույնպես մերժել էր տիկնոջ կազմակերպած միջոցառմանը մասնակցելու հրավերը, կրկին գրել, որ իր որդու արյունը չի՛ վաճառվում․

«Մի փորձիր որդեկորույս ծնողներին խառնել այդ կեղտոտ խաղի մեջ։ Հայրենիքը ու թագավոր տղերքին ծախողի ընտանիքի հետ սեղան չեմ նստի, և դա մեկընդմիշտ հասկացի։ Իսկ գնացողներին չբարի ժամանց»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աննա Հակոբյանը կանանց մեկամսյակի կապակցությամբ մարտի 27-ին հանդիպել էր պատերազմում զոհված հերոսների ընտանիքների կին անդամներին, ինչը մեծ քննադատությունների տեղիք էր տվել և վրդովմունք առաջացրել որդեկորույս ծնողների մոտ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս