Հրթիռների գործով դատարանի անգործության անհեթեթ պատճառների մասին. Փաշինյանին երկրի անվտանգությունը չի հետաքրքրում

Հրթիռների գործով կայացած դատական նիստերի քանակը, դրանց միջև ընկած ժամանակային ինտերվալը խոսում է իշխանությունների հետաքրքրության բացակայության մասին՝ զուտ երկրի անվտանգության ապահովման և նման դեպքերի բացառման տեսանկյունից: Այսինքն, հետաքրքրությունները միայն քաղաքական տրամաբանության մեջ են:

Վերը նշվածը, ինչո՞ւ չէ, ցույց է տալիս նաև իշխանությունների՝ այս գործով փաստարկների սնանկությունը:

Դատական նիստերը մի քանի անգամ հետաձգվել են. մեկ՝ գործը քննող դատավոր Մանվել Շահվերդյանի հիվանդ լինելու, մեկ՝ գործով անցնող անձանց առողջական խնդիրների պատճառով, այդ թվում՝ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի վիրահատության:

Եվ եթե նշված պատճառները կարելի է հասկանալ և հարգելի համարել, ապա նույնը չի կարելի անել, երբ հաջորդ դատական նիստը նշանակվում է 2022 թվականի մայիսի 2-ին, որովհետև 168.am-ի տեղեկություններով՝ գործը քննող դատավորը 2 շաբաթ դասերի պիտի գնա, բացի այդ, չափազանց ծանրաբեռնված է:

Բայց որ ամենամտահոգիչն է՝ խնդրո առարկա զինամթերքի շահագործման վրա արգելք է դրված, չնայած նրան, որ ՊՆ-ն մի քանի անգամ զենքի մատակարար Դավիթ Գալստյանի պաշտպաններին վստահեցրել է, որ այդ ավիացիոն հրթիռների կարիքն այսօր էլ կա:

Եվ սա՝ այն դեպքում, երբ անգամ Նիկոլ Փաշինյանն ինքն է ընդունում՝ Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել:

Պատերազմի հավանականությունը չենք բացառում, սակայն համապատասխան քայլեր չենք ձեռնարկում խնդրո առարկա զինամթերքի հետագա շահագործումը ապահովելու, դրա պահպանման միջոցառումներն ապահովելու նպատակով:

Այսինքն, անհրաժեշտության դեպքում վերջին պահին արգելանքը հանելը բավարար հիմնավորում չի կարող լինել, հատկապես, երբ չգիտենք՝ չկառավարվող այդ հրթիռների պահման պայմաններն արդյո՞ք համապատասխանում են ընդունված չափանիշներին:

Իսկ դրանք ոչ իրենց արդիականությունն են կորցրել, ոչ էլ վաղեմության ժամկետը:

«ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսին ռուսական կողմը ներկայացրել էր զենքի մատակարար Դավիթ Գալստյանի՝ ՊՆ-ին մատակարարած «Ս-8 ԿՈՄ» չկառավարվող հրթիռները:

Ցավոք, ցուցահանդեսին մասնակցող ռուսական ընկերությունները հրաժարվեցին մեկնաբանություններից՝ թե՛ խնդրո առարկա «Ս-8 ԿՈՄ» ավիացիոն հրթիռների, և թե՛ Հայաստանի ձեռք բերած Սու-30-ի հետ կապված:

Ի դեպ, ռազմարդյունաբերության զարգացումից խոսող Նիկոլ Փաշինյանը հարկ չէր համարել մասնակցել ո՛չ «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը, ո՛չ էլ փակմանը:

Հնարավոր է, որ անգամ առանձին հանդիպումներ չի ունեցել ռուսական ռազմարդյունաբերական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Համենայնդեպս, լրատվամիջոցների համար պաշտոնական որևէ հաղորդագրություն չի տարածվել: Օրինակ, հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի արտադրությամբ զբաղվող «Ալմազ Անթեյ» ընկերությունը ՀՀ-ի համար նորություն ուներ: Հուսանք, որ գոնե այս ընկերության ներկայացուցիչների հետ փակ հանդիպում և բանակցություն եղել է:

Վերադառնալով հրթիռների գործին՝ հիշեցնենք, որ դրանով անցնում են ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ)։

Հավելենք, որ մարտի 14-ին Վերաքննիչ քրեական դատարանը որոշել էր բավարարել զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոքը և 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել, իսկ մյուս ամբաստանյալների մասով բողոքները՝ մերժել, այդ թվում՝ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական թիմի:

Նշենք, որ Դավիթ Գալստյանը հատուցել է պատճառված ավելի քան 2.7 մլրդ դրամ վնասը:

Տեսանյութեր

Լրահոս