«Դրա շարունակությունը մենք տեսնում ենք 44-օրյա պատերազմի ժամանակ և տխրահռչակ Շուշիի դեկլարացիայի դրույթներում». Արմեն Մարուքյան

ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Մարուքյանի խոսքով՝ տարիներ շարունակ ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված հայերի ջարդերի բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության վերաբերյալ կազմակերպել ու իրականացրել են քննարկումներ, որտեղ մասնագետները և փորձագիտական հանրությունը հստակ իր կարծիքն արտահայտել է։

«Մեր՝ մասնագետներիս համար ակնհայտ է, որ այն, ինչ տեղի է ունեցել Սումգայիթում, հետո Գանձակում, Բաքվում, Մարաղայում, այնուհետև Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականությունը՝ միանշանակ ցեղասպանական քաղաքականություն է  հայ բնակչության նկատմամբ։

Սակայն, ցավալիորեն, պետական մակարդակով մենք դա դեռևս չենք ամրագրել և, թերևս, շարունակում ենք այդ նույն ուղղությամբ գնալ, մինչդեռ մեր հարևանը չեղած ու հնարածին դեպքերը կարողացել է իր քարոզչամեքենայի կողմից հասցնել այն մակարդակի, որ նույնիսկ որոշ խորհրդարաններում, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանությունը» ճանաչվել և դատապարտվել է»,- ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ տեղի ունեցած կոնֆերանս-քննարկման ժամանակ ասաց Արմեն Մարուքյանը։

Նա հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ են որոշ գործընկերներ խուսափում օգտագործել ցեղասպանություն եզրույթը, թեև ամեն ինչ շատ ակնհայտ է, որ եղել է հանցավոր մտադրություն և 1948 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն՝ 2-րդ և 3-րդ հոդվածների համադրությունը այն փաստական հանգամանքների հետ, որոնք տեղի են ունեցել՝ թույլ են տալիս պնդելու, որ սրանք ցեղասպանական գործողություններ են։

«Սակայն սա փորձում են հակադրել Մեծ եղեռնի հետ, որ, եթե մենք սա ճանաչենք, կնսեմացնենք Հայոց ցեղասպանությունը և այլն, բայց եթե ավելի օբյեկտիվ ու համակողմանի մենք վերլուծում ենք, սրանք նույն հանցավոր քաղաքականության շարունակությունն են։ Անգամ, եթե մենք սա Հայոց ցեղասպանությունից կտրված ենք դիտարկում, էլի, միևնույն է, սա ցեղասպանական գործողություններ են, և այստեղ երկու կարծիք լինել չի կարող։

Մեր մասնագիտական հանրույթի շրջանակներում արդեն լուրջ հետազոտական աշխատանքներ են կատարվում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում երկար քննարկումներից հետո հաստատվեց թեմա և կատարվում է գիտական ուսումնասիրություն նաև իմ անմիջական ղեկավարությամբ։ Վստահ եմ, որ առաջիկայում նաև առաջին գիտական աշխատությունը կպաշտպանվի այդ թեմայով։ Նաև ձևավորվել է խումբ՝ Ադրբեջանի կողմից հանցագործություններն ուսումնասիրելու նպատակով։ Այս ամենը մեզ թույլ է տալիս ասելու, որ միջազգային քրեական դատարանի կանոնադրության դրույթների համատեքստում այն, ինչ կատարվել է՝ առնվազն մարդկության դեմ կատարված հանցագործություններ են, իսկ ավելի ստույգ՝ ցեղասպանական քաղաքականություն են։ Դրա շարունակությունը մենք տեսնում ենք 44-օրյա պատերազմի ժամանակ և տխրահռչակ Շուշիի դեկլարացիայի դրույթներում։ Մինչև մենք քաղաքական կամք չդրսևորենք և իրերն իրենց անուններով չկոչենք, բարոյական իրավունք չունենք միջազգային հանրությունից պահանջելու, որ սա որակեն՝ որպես ցեղասպանություն»,- հավելեց Արմեն Մարուքյանը։ 

Տեսանյութեր

Լրահոս