Հոշոտվող Հայաստան

Աշխարհում կատարվող տեկտոնիկ շարժումներն առնչվում են ու առնչվելու են նաև Հայաստանին։ Առաջիկա օրերի, գուցե շաբաթների կամ ամիսների ընթացքում կայացվելու են որոշումներ, որոնք կանխորոշելու են ոչ միայն, իսկ գուցե՝ ոչ այնքան Հայաստանի զարգացման ընթացքը, այլ որպես պետական կազմավավորում՝ նրա լինելիության հարցը։ Ռուսաստանն այլևս չի թաքցնում Ռուսական Կայսրությունը կամ Խորհրդային Միությունը վերականգնելու իր մտադրությունը՝ մեզ համար դրանից բխող բոլոր պետականաքանդ հետևանքներով։

Արևմուտքն իր հերթին՝ շարժվում է բացառապես սեփական աշխարհաքաղաքական շահերով, և եթե այդ շահերը պահանջեն, դրանք կարող են իրացվել փոքր պետությունների հաշվին։ Այսինքն՝ այնպես չէ, որ Ռուսական Կայսրության ուղիղ այլընտրանքն արևմտյան ազդեցության գոտին է, և՝ հակառակը։

Գործընթացն ունի տասնյակ, հարյուրավոր շերտեր ու գործոններ, որոնք վերջնարդյունքի վրա ազդելու են համալիր կերպով, ինչը նշանակում է, որ մոլորություն է գործոնների այդ համախմբից առանձնացնել մի քանիսը և կենտրոնանալ դրանց վրա։ Որոշումները, որ Հայաստանից ակնկալելու կամ պահանջելու են առաջիկայում, ֆորմալ առումով կայացնելու է գործող իշխանությունը, բայց ավելի լայն համատեքստում, այդ գործընթացում ներգրավված է լինելու ողջ քաղաքական ու ոչ միայն քաղաքական վերնախավը՝ ընդդիմությամբ, գործարար շերտերով, մտավորականներով ու ազդեցիկ անհատներով հանդերձ։

Թվարկման մեջ հասարակությունը բացակայում է, քանի որ ո՛չ ֆորմալ, և ոչ էլ ո՛չ ֆորմալ հարթություններում հասարակությունը որոշման կայացման սուբյեկտ չէ, որքան էլ մեզ հակառակն են համոզում ժողովրդավարության մասին գեղեցիկ պատումները։ Որոշումները կայացվում են մի քանի, գուցե մի քանի տասնյակ, հնարավոր է՝ մի քանի հարյուր մարդկանց ընդգրկող շրջանակի կողմից, բայց դրանք վերաբերելու են ողջ հասարակությանն ու պետությանը։

Ահա այստեղ է, որ առաջ է գալիս գլխավոր՝ վստահության հարցը։ Որքանո՞վ կարող է հասարակությունը՝ որպես հավաքականություն, վստահ լինել, որ պետության համար որոշումների կայացման գործընթացում դրանք կայացնողներն առաջնորդվելու են ոչ թե անձնական՝ իշխանության պահպանման կամ իշխանության գալու մղումներով, այլ պետության ու հասարակության շահով։ Նման վստահություն հասարակությունը չի կարող ունենալ ո՛չ իշխանությունների, ո՛չ ընդդիմության, ո՛չ էլ որոշումների կայացմանը որևէ կերպ առնչվող որևէ այլ շրջանակի հանդեպ, որովհետև կյանքը ցույց է տվել, որ նշված բոլոր խմբերը պետության և իշխանության շահերի դիլեմայում, որպես կանոն, ընտրում են իշխանության շահը։

Իհարկե, նշված բոլոր խմբերում, ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության և այլ շրջանակներում կան իսկապես պետության շահով առաջնորդվողներ, որոնք, սակայն, վճռորոշ ազդեցություն չունեն ներկայիս քաղաքական ներկապնակում և գործնականում չեն կարող ազդել որոշումների կայացման վրա։ Իսկ դա նշանակում է, որ եթե հարկ լինի իշխանությունը պահել/ իշխանության հասնել, նաև կամ այդ թվում՝ պետության շահի, իսկ որ ավելի ողբերգական է, ընդհանրապես պետության հաշվին, որոշումներ կայացնողներն առանց դույզն-ինչ մտածելու կարող են ընտրել իշխանությունը, եթե անգամ դա լինելու է ոչ թե սուվերեն պետության, այլ որևէ պրոտեկտորատի կամ ծայրագավառի տեղապահի իշխանություն։

Այսպիսով, հասարակությունը գործնականում մնացել է միայնակ պետության գոյաբանական սպառնալիքի, պետության դեմ արտաքին մարտահրավերների և պետության մասին ներքին որոշումներ կայացնողների դեմ հանդիման։

Ընդ որում, վերը նշված բոլոր խմբերն այսօր արդեն, համենայնդեպս, զբաղված են լատենտ քարոզչությամբ, որ կարելի է լավ ապրել նաև առանց պետության։

Չափազանց մեծ է վտանգը, որ հասարակությունը կարող է համոզվել։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս