Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալությունը հաստատել է «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրման կասեցումը
Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալությունը հաստատում է, որ երկրի էկոնոմիկայի նախարարությունը հետ է կանչել իր եզրակացությունը «Հյուսիսային հոսք 2» գազատարի սերտիֆիկացման գործընթացի շրջանակներում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են գործակալության մամուլի ծառայությունում։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը փետրվարի 22-ին ասել էր, որ հանձնարարել է երկրի էկոնոմիկայի նախարարությանը ձեռնարկել անհրաժեշտ վարչական քայլ՝ «Հյուսիսային հոսք 2»-ի սերտիֆիկացումը չեղարկելու համար։ Խոսքը նախարարությունից փաստաթղթի դուրսբերման մասին է, որի հիման վրա Դաշնային ցանցային գործակալությունը իրականացրել է գազատարի օպերատորի հավաստագրումը։
«Հյուսիսային հոսք 2 օպերատորի հավաստագրումը պահանջում է էկոնոմիկայի դաշնային նախարարի դրական գնահատականը, որը կհաստատի որ մատակարարման վտանգ չկա: Այն (գնահատումը) այլևս գոյություն չունի: Դաշնային ցանցային գործակալությունը այժմ չի կարող հավաստել Խողովակաշարի շահագործումն առանց սերտիֆիկացման»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը։