«Մարդիկ ուրախ են, որ, ի վերջո, իրենց կարգավիճակն արդեն պարզվել է, հետագայում էլ պարզորոշ է լինելու». Ղրիմի ԱԺ հայ պատգամավոր
Փետրվարի 21-ին ՌԴ ժողովրդի համար պատրաստած հրատապ տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչեց Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը։
168.am–ի հետ զրույցում Ղրիմի ԱԺ հայ պատգամավոր, աշխարհազորայինների հրամանատար Արմեն Մարդոյանը խոսելով Դոնեցկի և Լուգանսկի հայության մասին՝ ասաց, որ երեկ խոսել է Լուգանսկում ու Դոնեցկում բնակվող ծանոթ հայերի հետ, բոլորն էլ ունեն բարձր տրամադրություն։
«Մարդիկ ուրախ են, որ, ի վերջո, իրենց կարգավիճակն արդեն պարզվել է, հետագայում էլ պարզորոշ է լինելու։ Նրանք արդեն գիտեն, որ հզոր պաշտպանության ներքո են։ Ամեն դեպքում չկա այն տարակուսանքն ու անորոշ վիճակը, ինչ այսօր կա Արցախում ու Հայաստանում հայության շրջանում։ Դոնեցկում էլ, Լուգանսկում էլ շատ հայեր են ապրում։ Երեկ եմ խոսել Դոնեցկի հայ համայնքի նախկին ղեկավար Գագիկ Աղավելյանի հետ, լավ տրամադրությամբ էին։ Բոլորն էլ ուրախ են, որ իրենց պաշտպանող զորքերը մտել ու իրենց պաշտպանում են»,- եզրափակեց Արմեն Մարդոյանը։