Ո՞րն է տարիքի հետ հիշողության վատթարացման պատճառը. գիտնականների բացահայտումը
Տարիքի հետ հիշողության վատթարացումը կապված է դրա «լցվելու» հետ։ Նման հետաքրքիր եզրակացություն են արել կանադացի գիտնականները 20 տարուց ավելի տևած հետազոտությունից հետո:
Մասնագետները հետևել և ուսումնասիրել են մարդկանց հիշողությունը տարիների ընթացքում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Trends in Cognitive Sciences-ում:
Ինչպես հայտնի է, հասուն տարիքում շատերը տառապում են հիշողության հետ կապված խնդիրներից, ու հետազոտողները փորձել են հասկանալ այդ երևույթի պատճառը:
Պարզվել է, որ տարիների ընթացքում չափազանց շատ տեղեկություն է կուտակվում՝ հիշողություններ, տարբեր փաստեր, պատկերներ։ Դժվար է լինում այդ կուտակված տվյալներից անհրաժեշտը առանձնացնել։
Կանադայի Ռոթմանի հետազոտական ինստիտուտի մասնագետ Լին Հաշերը նշել է, որ առօրյա կյանքում մարդն անընդհատ ճնշում է այն տեղեկատվությանը, որն այս պահին իրեն պետք չէ, իսկ տարիքի հետ այդ ունակությունը թուլանում է:
«Երբ տարեցները փորձում են ինչ-որ կոնկրետ մանրուք հիշել, նրանք դժվարանում են, քանի որ այդ մանրուքն իրենց ուղեղում կարող է կապված լինել շատ ուրիշ բաների հետ։ Պատկերացրեք, որ դուք պետք է հիշեք ձեր ճանաչած հինգ Ջոներից մեկի ազգանունը: Դա ավելի դժվար է կլինի, քան, եթե դուք մեկ Ջոնի ճանաչեիք։ Նման մի բան տեղի է ունենում, երբ տարեցները փորձում են ինչ-որ բան հիշել», – պարզաբանում է Հեշերը։
Միևնույն ժամանակ, կյանքի մեծ փորձի շնորհիվ տարեցների մոտ ստեղծագործական բարձր մակարդակ է նկատվում։ Հետաքրքիր է, որ թեստերի ժամանակ տարիքով մարդիկ ավելի ստեղծագործական մոտեցում են ցուցաբերել խնդիրների լուծմանը։