Նիկոլ Փաշինյանն իրականացնում է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 10.000-անոց բանակ ունենալու երազա՞նքը

Նիկոլ Փաշինյանը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ շարունակում է բանակի հետ կապված պոպուլիստական քայլերը:

Մասնավորապես, 2019 թվականին 10 միլիոն դրամ վճարի դիմաց մեկ ամիս ծառայելու օրենսդրական նախաձեռնությամբ (ՊՆ-ի համար այն ընդունելի չէր) հանդես եկած իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը նոր օրինագիծ է մշակել, որով առաջարկվում է փոփոխություններ մտցնել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» գործող օրենքում:

Նշվում է, որ գործող օրենքի կարգավորումներով զինվորական ծառայությունից ազատվելու պարտադիր պայմաններից է նաև ընտանիքում միակ արու զավակ լինելը:

Սակայն, ըստ հիմնավորման, ունենք հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, որոնք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն:

«Նրանցից շատերի ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում, չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն ևս ուղարկել զինվորական ծառայության: Ունենալով մեծ հարգանք իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների նկատմամբ, պետք է նաև պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տանք այդ ընտանիքների մյուս անդամներին, որի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքները ավելի հեշտ կհաղթահարեն հոգեբանական և իրենց առջև ծառացած սոցիալական խնդիրները: Առաջարկվում է փոփոխություն կատարել օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում և հանել «ընտանիքի միակ արու զավակն է և» բառերը, զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալով զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամներին՝ անկախ այն հանգամանքից՝ նրանք հանդիսանում են ընտանիքի միա՞կ արու զավակը, թե՞ ոչ: Սույն օրենքի նախագծով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվող քաղաքացիների թիվը մեծ չի լինելու»,- նշվում է նախագծի հիմնավորման մեջ:

Նախագիծը փետրվարի 17-ին արժանացել է Նիկոլ Փաշինյանի կամ Կառավարության հավանությանը:

Կառավարությունն առաջարկում է, մասնավորապես, 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «3) ունի ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր, կամ որն ընտանիքի միակ արու զավակն է և ունի ՀՀ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ ՀՀ միջազգային պայմանագրերով ՀՀ-ում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր»:

Այո, կարող են լինել որդի կորցրած ծնողներ, որոնք չեն ցանկանա, որ մյուս որդին էլ ծառայության մեկնի և վտանգի իր կյանքը՝ հաշվի առնելով պատերազմի ժամանակ կառավարման համակարգի բացակայությունը, քաոսային վիճակը, ինչպես նաև՝ պատերազմից հետո զոհեր ունենալու և անվտանգային ամուր համակարգ չունենալու փաստը:

Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը, չգիտես ինչու, չի մտածել, որ պատերազմի ժամանակ երկու եղբոր չի կարելի թեժ հատված ուղարկել, և նրանցից մեկին կարելի է գոնե հանել այդտեղից: Եվ այս դեպքում գուցե ավելի քիչ լինեին դեպքերը կամ չլինեին, երբ ծնողը միանգամից ժամկետային երկու որդի է կորցրել՝ գրեթե միաժամանակ:

Իհարկե, եղել են հրամանատարներ, որոնք, երբ իմացել են՝ եղբայր կամ հայր է կորցրել, տվյալ զինծառայողին հանել են պատերազմի թեժ հատվածից: Բնականաբար, եղել են այնպիսի զինծառայողներ, որոնք չեն համաձայնել և շարունակել են թեժ հատվածում մնալ:

Երկրորդ՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անմիջապես պատերազմից հետո նման օրինագիծ չառաջարկեց, ի վերջո, հետպատերազմյան շրջանում բավականին ռիսկային վիճակում էինք հայտնվել, ինչի պատճառով ունեցանք զոհեր: Գուցե այդ ժամանակ դեռ քաղաքական պահը չէ՞ր:

Կամ, ի՞նչ է նշանակում՝ ազատվող քաղաքացիների թիվը մեծ չի լինելու. որտեղի՞ց այս վստահությունը, հաշվարկը, ի վերջո, զոհերի թիվը, մեղմ ասած, փոքր չէ: Իսկ մենք մարդկային ռեսուրսի խնդիր ունենք: Արդյոք զոհվածների ծնողների կողմից եղե՞լ է նման պահանջ, և քանի՞ տոկոսն է նման պահանջ ներկայացրել:

Իսկ գուցե զոհվածի եղբայրը հենց իր եղբոր վրեժը լուծելու համա՞ր է ուզում ծառայել: Նման տրամադրվածություն էլ, չէ՞, կարող է լինել, ուզում ենք սա կանխե՞լ:

Երրորդ՝ եթե զոհվածի եղբայրը ցանկանա պայմանագրային զինծառայող լինել, չե՞ք վերցնելու, պայմանագրային զինծառայողներ էլ են զոհվում, չէ՞, որոնք կարող են լինել 24, 25, 28 տարեկան:

Արգելելո՞ւ եք, թե՞ ասելու եք՝ սա աշխատանք է, իր ընտրությունն է, աշխատավարձ է ստանում:

Իսկ գուցե սրա փոխարեն պետք էր անմիջապես պատերազմից հետո մտածել մարտական հերթապահություն իրականացնող զինվորի անվտանգության բարձրացմա՞ն մասին, դիրքերի կահավորմա՞ն և… բազմաթիվ այլ կարևոր հարցերի մասին: Եվ, ի վերջո, ի՞նչ է՝ եթե զինծառայողը զոհված եղբայր չունի, նրա մասին չպե՞տք է մտածել:

Տպավորություն է, որ ծնողների զգացմունքները որպես գործիք օգտագործելով՝ գործող իշխանությունը իրականացնում է սեփական քաղաքական ծրագրերն ու երազանքները՝ վերացնել կանոնավոր բանակը և ստեղծել անհասկանալի պրոֆեսիոնալ բանակ, հատկապես, երբ հաջողված փորձ կա՝ Արցախ զինվոր չուղարկելու բողոքների համատեքստում: Տա Աստված, սխալվենք, բայց…

Ի դեպ, 2008թ. հունվարի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանին հարցրել է՝ «ուժեղ երկրի բաղադրիչներից մեկը բանակն է, ընտրվելու դեպքում ի՞նչ փոփոխություններ, բարեփոխումներ եք անցկացնելու բանակում, մեզ պե՞տք է վարձու բանակ», ինչին ՀՀ առաջին նախագահը պատասխանել է.

«Իմ ծրագրում այդ մասին հստակ է գրված։ Անկեղծ խոսենք. եթե չլիներ ղարաբաղյան պատերազմը, կամ Ղարաբաղի հարցն արդեն կարգավորված լիներ, մեզ այսպիսի բանակ պետք չէր։ Սա մի այնպիսի մեծաթիվ բանակ է, որ աշխարհի շատ ավելի հարուստ, մեծ, հզոր պետություններ չունեն։ Ես չեմ ուզում կոնկրետ թվեր նշել, դա պետական գաղտնիք է։ Էստոնիան ունի հինգ հազարանոց բանակ, Բալթյան մյուս երկրները՝ տասը հազարանոց։ Հայաստանն այն երկիրը չէ, որ մեծ ռեսուրսներ կարողանա տրամադրել բանակին։ Ուրեմն, մենք ինչպե՞ս ենք պատկերացնում լուծումը. նախևառաջ՝ հաշտ ու խաղաղ ապրել մեր հարևանների հետ։ Մեր ապահովության մեծագույն երաշխիքը ոչ թե միջազգային անվտանգության կամ պաշտպանական համակարգերին՝ ՆԱՏՕ-ին, կամ Հավաքական անվտանգության պայմանագրին անդամակցելն է, այլ մեր չորս հարևանների հետ նորմալ հարաբերությունների հաստատումը։ Ես երազում եմ այն ժամանակի մասին, երբ Հայաստանը կունենա տասը հազարանոց բանակ։ Մեր զինված ուժերի այսօրվա թվաքանակի պարագայում անիմաստ է խոսել պրոֆեսիոնալ կամ պայմանագրային բանակի մասին։ Եթե երկրի ողջ ռեսուրսներն անգամ տրամադրենք, մենք չենք կարող այդ բանակը պահել։ Պրոֆեսիոնալ բանակ, պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն կարող է լինել միայն Ղարաբաղի հարցի կարգավորումից հետո»:

Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է Լևոն Տեր-Պետրոսյանի երազանքը. ղարաբաղյան հարցը, ըստ էության, համարում են կարգավորված, ուստի ժամանակն է վերացնել կանոնավոր մի քանի տասնյակ հազարանոց բանակը և ստեղծել 10.000-անոց պրոֆեսիոնալ բանակ, և հարևանների հետ նորմալ հարաբերություններ ստեղծել, իսկ այն, որ այդ թշնամի հարևանը շարունակում է հզորացնել իր բանակը, մեզ չի հետաքրքրում: Մենք շարունակում ենք պնդել՝ նատօ-ական կամ թուրքական մոդելի հզոր բանակ ստեղծող Ադրբեջանի հետ, որը դեռ տարածքային պահանջներ ունի, հնարավոր է «խաղաղության դարաշրջան» ստեղծել:

168.amգրել էր, որ «Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները» վերլուծության հեղինակները (Ռոբերտ Այդաբիրյան-Փարիզ, Ժիրայր Լիպարիտյան-Բոստոն, Թալին Փափազյան-Էքս ան Պրովանս)
ևս այս գաղափարի կողմնակից են:

«Եթե պրոֆեսիոնալ բանակի համակարգը դառնա հայկական ԶՈւ-ի կորիզը, ապա ընդհանուր թիրախ կարող է դառնալ 3 բրիգադի կազմավորումը՝ յուրաքանչյուրը 5000 հոգուց բաղկացած: Այս թիվը ավելի փոքր է, քան ազգային զորակոչը նախատեսում էր մինչև 2020 թվականը: Այն, ինչի կարելի է հասնել այս թիրախային թվի հետ, այսինքն՝ ինչ առաքելություն պետք է սահմանել ԶՈւ-ի համար, ուսումնասիրության ենթակա հարց է և կախված է հիմնական ռազմավարությունից, որը Հայաստանը կընտրի իր համար»,- նշված է «Սպիտակ թղթում»:

Նիկոլ Փաշինյանն ինքն է ասել՝ «խնդիր ենք դրել ամեն տարվա հետ սահմանների պահպանության գործառույթն ավելի ու ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով՝ հեռանկարում ունենալով մեր սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը»:

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ կատարում է ըստ պլանի, պարզապես երբեմն պետք է դրան զգացմունքայնություն հաղորդել, որ չասեն՝ բանակը դիտավորյալ քանդում է, իսկ ընդդիմախոսներին մեղադրեն զոհված զինվորների զգացմունքները ոտնահարելու և «տաք տեղից» խոսելու մեջ:

Ի դեպ, օրերս ՀՀ ՊՆ նախկին ներկայացուցիչ, ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովում փորձագետ աշխատող Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է՝ «հայկական գերժամանակակից 150 հազարանոց բանակը կարող է ծանր հակահարված տալ թուրքական բանակին»:

Տեսանյութեր

Լրահոս