Սրճարանից հեռախոսով գոռալով կալանքի հարցեր լուծող դատարանի նախագահի որդուն Գագիկ Ջհանգիրյանը վերջը դարձրեց դատավոր

Երբ 2021թ. ամռանը հայտնի դարձավ, որ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի արտահերթ համալրման նպատակով անցկացվելիք որակավորման գրավոր քննություն է տեղի ունենալու, 168.am-ը գրեց, թե դատական համակարգի ո՛ր «հայտնիների» որդիները կդառնան դատավոր, այն էլ ինչպիսի դատավոր՝ «կալանք տվող»:

Նշել էինք անուններ, որոնցից մեկը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արմաղանյանի որդին էր՝ Դավիթ Արմաղանյանը, ով լինելով փաստաբան և «Իմ քայլը» դաշինքի իրավախորհրդատու, ցույց էր անում՝  ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատ արձակման, թմբուկ էր խփում ու Նիկոլ Փաշինյանին երթերից մեկի ժամանակ ուղեկցելիս՝ գոռում «դըմփ-դըմփ-հու»:

Նա, իհարկե, դարձավ «կալանք տվող» դատավոր ու դարձավ առաջինն ու հուսանք՝ միակը, ով դատավոր կալանավորեց իր կայացրած դատական ակտի համար:

Ի դեպ, դատավոր Բորիս Բախշիյանի իրավունքների կոպտագույն խախտումների մասին ահազանգել էր նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:

Հաջորդ թեկնածուն, ըստ մեր հրապարակման, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի որդին էր` Միքայել Գրիգորյանը։ Նա այն Արթուր Մկրտչյանն է, ով հայտնի ֆեյք Գագիկ Սողոմոնյանի գործով դատավորին պարտադրում էր կալանավորել ձերբակալվածներից մեկին։ Ու դա անում էր հայտնի ռեստորանում, բարձր գոռալով, այցելուների աչքի առաջ։

Դատարանի նախագահի որդին, իհարկե, մասնակցեց մրցույթին, բայց մեր հրապարակումից հետո «չհաղթահարեց» այն… Այն ժամանակ չհաղթահարեց…

Անցան ամիսներ, ու Բարձրագույն դատական խորհրդի նախագահի (ԲԴԽ) ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, մտածելով, որ բավականին ժամանակ է անցել, մարդիկ մոռացած կլինեն թեման, հատկապես որ հոր ու որդու ազգանունների ու հայրանունների տարբերությունը թույլ չի տա կենտրոնանալ Արթուր Մկրտչյանի անձի վրա, որոշեց այդուհանդերձ, դատավոր դարձնել իշխանություններին այնքան մեծ ծառայություններ մատուցած Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի դատավորի որդուն:

Իրականում հոր և որդու ազգանունների տարբերությունը ուրիշ պատմություն է, զուտ հաջող գործարքի բաղադրիչ մաս, և ԲԴԽ կայքում երեկ հրապարակված քրեական մասնագիտացմամբ դատավոր դարձած անձանց ցուցակում Միքայել Միշայի Գրիգորյանը հենց Արթուր Մկրտչյանի որդին է:

Ճիշտ է, այս պահին ԲԴԽ կայքում տեղադրված այդ հրապարակումն անհասանելի է, սակայն, բնականաբար, կա դրա «սքրինշոթը»:

Իսկ թե ինչպես են առհասարակ անցնում այդ գրավոր քննությունները, ինչ եղանակով են որոշ թեկնածուների մոտ նախապես հայտնվում հարցաշարերը, այլ պատմության թեմա է:

 

Տեսանյութեր

Լրահոս