Բաժիններ՝

Ձվի շուկայում հիմա դեմպինգային քաղաքականություն է. տնտեսվարողները դիմել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Հայաստանում հավկիթի արտադրությամբ զբաղվող փոքր և միջին տնտեսվարողները հայտնվել են լուրջ խնդրի առջև: Նրանք ստիպված են ձուն վաճառել ինքնարժեքից ցածր գնով, ու խնդիրը, ըստ նրանց՝ գերարտադրությունն է: Ձվի շուկայում հիմա դեմպինգային քաղաքականություն է, շատ արտադրողներ հարկադրաբար իջեցրել են ձվի գները: Հավի մեկ ձվի ինքնարժեքը 55 դրամի շուրջ է տատանվում:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից փորձեցինք պարզել՝ արդյոք ահազանգ ստացե՞լ են տնտեսվարողներից, խնդրով զբաղվո՞ւմ են, թե՞ ոչ:

«Մեզ գրավոր դիմել է «Աշտարակ ձու» ընկերությունը և թեժ գծով՝ Հրայր Ասլանյանը («Արամուս» թռչնաֆաբրիկայի տնօրեն)»,- պատասխանեցին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի լրատվական բաժնից՝ հայտնելով, որ եթե խնդիրը լինի հանձնաժողովի տիրույթում՝ կտեղեկացնեն։

«Ձուն 3-4 ամիս առաջ է արտադրվել, սակայն չեն կարողացել իրացնել, հիմա վաճառում են: Դիմել եմ ՍԱՏՄ-ին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսվարողներից մեկը:

Խնդրի առնչությամբ զրուցել էինք նաև Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի հետ, ով հայտնել էր, որ այստեղ խնդիր չի տեսնում, ասում է՝ Հայաստանում երեք տարին մեկ այսպես է լինում:

«Այդ խնդիրն առաջանում է այն պատճառով, որ շուկան չի կանոնակարգվում, այսինքն՝ տեղում տոհմային տնտեսություն չունենք, որ իմանանք, թե տարվա կտրվածքով ինչքան է լինելու: Ամեն տարի ներկրում են մեկ օրական ճտեր, ու ածան հավերի գլխաքանակն ապահովելու համար երբեմն շատ են ներկրում: Հիմա էլ, որ դրսում թռչնագրիպ է, ով ինչ կարողանում է՝ բերում է: Գումարած սրան՝ փոքր ձեռնարկությունների թիվն ավելանում է, ու դա շատ լավ է: Հիմա էլ հավկիթի գինն էժան է, բա ինչո՞ւ են դժգոհում»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր Սերգեյ Ստեփանյանը՝ ընդգծելով, որ դժգոհության պատճառն այն է, որ չեն կարողանում մրցակցել:

«Իրենց մոտ ինքնարժեքը բարձր է, քան առևտրային կազմակերպություններում, հիմա էլ դժգոհում են: Բա որ շուկա էին մտնում՝ չգիտեի՞ն, որ այդպես է լինելու»,- հավելել էր Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ իրենք տնտեսվարողներից ահազանգ չեն ստացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս