«Խոստանում եմ փաստեր ներկայացնել…». Բորիս Ավագյան
Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ, Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը, որը ըստ իր ավելի վաղ արած հայտարարության, կալանավորվել է եւ գտնվում է Մոսկվայի քրեակատարողական հիմնարկներից մեկում, հունվարի 26-ին «Հրապարակ» թերթի գրավոր հարցերին ի պատասխան ուշագրավ հայտարարություն էր արել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի եւ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի վերաբերյալ։
Բորիս Ավագյանը պատմել էր, որ ինքն աջակցել է մի խումբ մարդկանց (Նիկոլ Փաշինյանը, վերջինիս բարեկամները, Դավիթ Անանյանը, Շուշանիկ Ներսիսյանը), որպեսզի նրանք խուսափեն մաքսատուրք վճարելուց։ Նրա խոսքով՝ 2018 թվականի հունիսին այդ անձինք օգնության խնդրանքով դիմել են իրեն եւ հավաստիացրել, որ այդ գործարքներից ստացված գումարներն անհրաժեշտ են հայկական ռազմական հետախուզության ֆինանսավորման համար: Բայց որոշ ժամանակ անց Բորիս Ավագյանը, իր խոսքով, հասկացել է, որ այդ գումարները յուրացվել են այդ մարդկանց կողմից, եւ նա այդ մասին տեղեկացրել է այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին։
Ըստ նրա՝ հետաքննություն է ընթացել եւ հարցաքննության է հրավիրվել նաեւ Շուշանիկ Ներսիսյանը. Վանեցյանը Ներսիսյանին կալանավորելու թույլտվություն է պահանջել Փաշինյանից, բայց վերջինս չի համաձայնել ու ավելին՝ հրահանգել է արգելել Բորիս Ավագյանի ելքը Հայաստանից, որպեսզի Ավագյանը չհրապարակի այնպիսի տեղեկատվություն, որը «կպատռի փաշինյանական բանդայի անդամների դիմակները»։
Բորիս Ավագյանը պատմել էր նաեւ, որ Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից հետո հարուցված քրեական գործը փոխանցվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ։
Ավագյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի «բանդան» ճնշումներ է գործադրել իր ընտանիքի անդամների նկատմամբ։
«Նիկոլն իր ներկայությամբ թունավորել է մեր Հայաստանի օդն ու ջուրը, հողն ու արեւի լույսը: Ես ստիպված եմ քաղաքական ապաստան խնդրել Ռուսաստանի Դաշնությունում, քանի որ այն բռնատիրական ռեժիմը, որը սահմանել է Փաշինյանը Հայաստանում, միտված է նրան, որ քրեական գործեր սարքվեն բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր համարձակություն են ունենում Փաշինյանի մասին ճշմարտությունն ասելու: Բազմաթիվ հալածանքների եւ սարքված քրեական գործերի ակնառու օրինակների մասին դուք լավ գիտեք:
Ես խոստանում եմ սկսել հրապարակումների շարք, որով կպատռեմ Նիկոլի եւ նրա բանդայի դիմակը»,- «Հրապարակի» հետ զրույցում հայտարարել էր Բորիս Ավագյանը։
Նախկին պաշտոնյայի հայտարարությանը Hraparak.am-ի հետ զրույցում անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը եւ նշել, որ իր պաշտոնավարման ժամանակ Ավագյանն անցել է փողերի լվացման եւ հարկերից չարամտորեն խուսափելու գործով։ Իսկ ինչ վերաբերում է Շուշանիկ Ներսիսյանին, Վանեցյանն ասել է, որ ազգային անվտանգության մարմինների կողմից հարուցված մեկ այլ քրեական գործով Ներսիսյանը հրավիրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ նշված քրեական գործի շրջանակներում տարաբնույթ քննչական գործողությունների մասնակցելու համար, որից հետո գործն ուղարկվել է ՀՔԾ:
Այս հայտարարությունների առնչությամբ, NEWS.am-ը փորձել է պարզաբանումներ ստանալ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանից եւ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանից։
«Իմ անունը «ձեռքի հետ է» նշվում՝ առանց հետագա «զարգացումների»»,- մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Անանյանը՝ հայտարարության առնչությամբ ավելին չասելով։
ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին խնդրել էինք մանրամասնել, թե ինչ քրեական գործի մասին է հայտարարել Բորիս Ավագյանը, ինչ կարգավիճակ ունի նա այդ քրեական գործով, հարցաքննվե՞լ է, եւ թե Արթուր Վանեցյանի մատնանշած քրեական գործն առնչություն ունի՞ Բորիս Ավագյանի մատնանշած քրեական գործի հետ։
Ներսիսյանը մեր հարցմանն ի պատասխան նշել է, որ ինքը ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2018-ի օգոստոսի 24-ին, մինչդեռ Բորիս Ավագյանի հայտարարությունում ասվում է, որ նրան առաջարկն արվել է 2018-ի հունիսին։
«Ուստի հնչեցված հայտարարությանը որեւիցե պարզաբանում չեմ կարող ներկայացնել, նմանաբովանդակ որեւէ գործով ԱԱԾ երբեք չեմ հրավիրվել»,- ասել է Շուշանիկ Ներսիսյանը՝ մյուս հարցերին չպատասխանելով։
NEWS.am-ը Բորիս Ավագյանի կնոջ՝ Էլեն Ավագյանի միջոցով մի քանի հարց էր ուղղել նրան՝ հունվարի 26-ին արված հայտարարության առնչությամբ եւ խնդրել որոշ պարզաբանումներ անել։ Նախկին պաշտոնյային խնդրել էինք տեղեկացնել, թե ինչ գործի շրջանակում է 2021թ. տարեվերջին Ռուսաստանում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել։
Մեր հարցերին պատասխանել է նրա կինը՝ նշելով, որ ամուսնու կալանավորումը կապված է թուրքական հատուկ ծառայությունների գործակալական ցանցի վերաբերյալ նրա ունեցած տեղեկությունների հետ։
«Ամուսնուս հետ աշխատում են Ռուսաստանի հատուկ ծառայությունները՝ կապված այն տեղեկությունների հետ, որ նա ունի թուրքական հետախուզության գործակալների վերաբերյալ, որոնք գործում են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի տարածքում։ Այդ պատճառով ես առայժմ ձեռնպահ կմնամ ավելի մանրամասն մեկնաբանություններից»,- ասել է Բորիս Ավագյանի կինը՝ Էլեն Ավագյանը։
Ի դեպ, 2016-ին, ռուսական մամուլում հրապարակում էր եղել, որ Բորիս Ավագյանն անցնում է մաքսային տուրքերից խուսափելու հոդվածով հարուցված քրեական գործով եւ որ նա փախել է տնային կալանքից, ինչից հետո նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։
Hraparak.am-ի հետ զրույցում Բորիս Ավագյանը հայտարարել էր, թե Ռուսաստանում իր ձերբակալությունն իրականացվել է Հայաստանի Գլխավոր դատախազության դիմումի հիման վրա, քանի որ ամեն գնով փորձում են նրան վերադարձնել Հայաստան:
Aravot.am-ի հետ զրույցում Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն անդրադառնալով այս հայտարարությանն՝ ասել է, որ «դատախազությունից որեւէ միջնորդություն Ռուսաստանի դատախազությանը Ավագյանին այդտեղ արգելանքի վերցնելու հետ կապված չի ներկայացվել»։
«Ես չեմ մեկնաբանում Հայաստանի Դատախազության աշխատակիցների հայտարարությունները, քանի որ նրանք Փաշինյանի ռեժիմի պատանդներն ու գերիներն են։ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի»,- արձագանքելով Գլխավոր դատախազության հայտարարությանը՝ կնոջ միջոցով մեզ փոխանցել է Բորիս Ավագյանը։
Մենք Բորիս Ավագյանից հետաքրքրվել էինք նաեւ, թե ի՞նչ օգնության խնդրանքով են Նիկոլ Փաշինյանը, նրա բարեկամները, ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն ու ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը դիմել նրան։
Նախկին պաշտոնյան հրաժարվել է մանրամասներ ներկայացնել՝ պատճառաբանելով.
«Իմ կողմից նրանց ցուցաբերած օգնության մասին ես հայտնել եմ Հայաստանի իրավապահ մարմիններին, եւ այդ տեղեկությունը քննչական գաղտնիք է, իսկ դրա բացահայտումը`քրեական հանցագործություն»:
Թե ինչ կապ ունի Դավիթ Անանյանը նրա կողմից բարձրաձայնված պատմության հետ, այն դեպքում, երբ Անանյանի խոսքով՝ իր անունը այդ հայտարարության մեջ հայտնվել է «ձեռքի հետ», առանց հետագա «զարգացումների», Բորիս Ավագյանն ասել է.
«Դավիթ Անանյանն ինձ վրա բարձրակարգ մասնագետի եւ հայրենասերի տպավորություն թողեց, իմ կարծիքով՝ նա իսկապես, ինչպես եւ ես, հավատաց Փաշինյանի եւ նրա ավազակախմբի բարի մտադրություններին եւ խաբվեց։ Հայաստանի ԱԱԾ-ում տված իմ ցուցմունքների շրջանակներում ես բազմիցս հայտարարել եմ, որ նա անձնական կոռուպցիոն շահեր չունի»։
Իսկ թե ինչ ճնշումների են ենթարկվել նրա հարազատները, եւ որն է նրա նկատմամբ հետապնդումների պատճառը, Բորիս Ավագյանը նշել է, թե Նիկոլ Փաշինյանի ցուցումով փակվել է Հայաստանից իր ելքը, կալանք է դրվել իր ունեցվածքի եւ հաշվի վրա, հրաման է տրվել հարկային մարմիններին իրեն սնանկության հասցնել, ինչը հաջողությամբ իրականացվել է։
«Սպառնալիքներ են եղել կնոջս եւ ծնողներիս, ինչպես նաեւ բոլոր հարազատներիս ու ընկերներիս նկատմամբ»,- ասել է Բորիս Ավագյանը։
Նախկին պաշտոնյան խոստացել էր նաեւ, որ սկսելու է հրապարակումների շարք, որով «պատռելու է Նիկոլի եւ նրա բանդայի դիմակը»։
Ավագյանը մեզ հետ զրույցում բացահայտումներ չի արել, խոստանալով, որ շուտով փաստեր է ներկայացնելու այն մասին, թե ինչպես «կորավ Սեւ լիճը ազատելու հնարավորությունը»։