Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովը կկայանա 2022 թվականի վերջին եռամսյակում
Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) առաջիկա գագաթնաժողովը կկայանա 2022 թվականի վերջին եռամսյակում Ալժիրում: Այդ մասին, ինչպես փետրվարի 15-ի երեկոյան հաղորդել է Algeria Press Service (APS) լրատվական գործակալությունը, հայտարարել է Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբբունը։
Նա հերքել է ինչ-ինչ տարաձայնությունների առկայությունն արաբ ղեկավարների միջեւ ԱՊԼ-ի հաջորդ գագաթնաժողովի կազմակերպման վերաբերյալ: «Ոչ մի կարգի տարաձայնություններ չկան: Ընդհակառակը, մենք ստացանք լոկ Պարսից ծոցի երկրներից, Եգիպտոսից, Թունիսից եւ Եմենից արաբ առաջնորդների հավանությունը, ովքեր սպասում են այդ գագաթնաժողվի անցկացմանն Ալժիրում»,- ընդգծել է նախագահը: «Բոլոր արաբ եղբայրներն սպասում են գագաթնաժողովին նկատի առնելով Ալժիրի քաղաքականությունը, որը հավասարապես հեռու է բոլոր կողմերից եւ յուղ չի լցնում կրակին՝ երկրների միջեւ գժտություն հրահրելու համար:
Մենք ավելի շուտ ձգտում ենք առավելագույնս միավորելու երկրներին»,- հայտարարել է Թեբբունը: Նա ցանկություն է հայտնել, որ նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը «պսակվի շատ դրական արդյունքներով, առավել եւս որ դա հարկավոր է արաբական աշխարհին»:
«Եկեք դադարեցնենք մեկուսացումը»,- պաշտոնակիցներին կոչ է արել Ալժիրի նախագահը: «Արաբական երկրների արտաքին գործերի նախարարների պաշտոնական հանդիպումը կկայանա մարտին Կահիրեում, եւ դրա ժամանակ կհաստատվի գագաթնաժողովի վերջնական ժամկետը»,- ամփոփել է նա: Վերջին անգամ Ալժիրն իր մոտ արաբական գագաթնաժողվն ընդունել է 2005 թվականին: Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին Թեբբունը հույս է հայտնել, որ ԱՊԼ-ի առաջիկա գագաթնաժողովը կօգնի «միավորելու արաբական շարքերը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: