
Գիրք նվիրելու տոնն այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին

Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, ժամը 15:30-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի կունենա «Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան» խորագրով ցուցադրություն: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, նշելով, որ գիրք նվիրելու տոնն այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին:
Այն իրականացվում է Հովհաննես Թումանյանի թանգարանի և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի համագործակցությամբ: Ցուցադրության ընթացքում արվեստասեր հանրությունը կծանոթանա հայ մեծանուն երկու բանաստեղծների՝ Եղիշե Չարենցի և Հովհաննես Թումանյանի անձնական գրադարաններում պահվող, համապատասխան ընծայագրերով գիրք-մասունքներին՝ հաղորդակից դառնալով նրանց բարեկամությանը, կյանքի հետաքրքիր դրվագներին, ինչպես նաև՝ գրքի մշակույթի բացառիկ դերին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հայաստանյան այլ թանգարաններում և գրադարաններում ևս կկազմակերպվեն տարաբնույթ ցուցադրություններ և միջոցառումներ՝ նվիրված հայ մեծ պոետի և մտածողի ծննդյան 125-ամյա հոբելյանին: