«Սա պատմական քայլ է լինելու և ոչ այնքան այսօրվա, որքան ապագայի համար». Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հրավիրել է արտահերթ նիստ, որտեղ քննարկվում է ԱԺ հինգ խմբակցությունների հեղինակած օրենքի նախագիծը՝«Բռնազավթված տարածքների մասին»։

Քննարկումից հետո Արցախի ԱԺ-ն 31 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը։

Արտահերթ նիստի ժամանակ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ասաց, որ օրենքի ընդունումը շատ կարևոր է, քանի որ ի վերջո ինչ-որ տեղ հրամայական է, գուցե ինչ-որ տեղ էլ ուշացել են։

«Շատ կարևոր է ունենալ նման օրենք, ի վերջո, մեր երկրի մեծ մասը բռնագրավված է, և մենք պարտավոր ենք ունենալու այդ օրենքը։ Այն իր մեջ ներառում է  Արցախի Հանրապետության իշխանությունների, ժողովրդի, հանրության տեսլականն իր անցյալի, ներկայի ու ապագայի նկատմամբ։ Սա շատ կարևոր է»,- իր խոսքում նշեց Դավիթ Բաբայանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ  օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ եղել են նաև գործադիրի կողմից, և նախագծում այդ առաջարկներից մի քանիսն արդեն ներառվել են։

«Շատ կարևոր է, որպեսզի մենք ճիշտ տերմինաբանություն օգտագործենք և միշտ ընդգծենք՝ խոսելով բռնազավթված տարածքների մասին, որ նրանք բռնագրավված են, տերմինաբանությունից շատ բան է կախված։ Հետևաբար՝ հուսով եմ, որ քննարկումները կշարունակվեն և, ի վերջո, այդ օրենքը կընդունվի։ Կարծում եմ՝ սա պատմական քայլ է լինելու և ոչ այնքան այսօրվա, որքան ապագայի համար»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս