Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքները Արցախի Հանրապետության անբաժան մասն են. Արցախի ԱԺ պատգամավոր

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի այսօր հրավիրած արտահերթ նիստում քննարկվում է ԱԺ հինգ խմբակցությունների հեղինակած օրենքի նախագիծը՝«Բռնազավթված տարածքների մասին»։

Արտահերթ նիստին մասնակցում են նաև Արցախի կառավարության անդամներ, այդ թվում՝ արտգործնախարարը։

Նախագծի հիմնական զեկուցմամբ հանդես եկավ ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցության» պատգամավոր Արթուր Մոսիյանը։

Պատգամավորի խոսքով՝ 2021 թվականի մարտի 1-ին Արցախի ԱԺ-ն պաշտոնական հայտարարությամբ իր քաղաքական դիրքորոշումն է հայտնել Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի վերաբերյալ։

«Օրենքի նախագծով սահմանվում է 1991-94 թվականներին, 2016 թվականին Ադրբեջանի և 2020 թվականին Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված, օկուպացված տարածքների իրավական կարգավիճակը և դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմը։ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացրած տարածքների պետական կառավարման և տեղական ինքնակառավարման կազմակերպությունների, մարդու և քաղաքացիների իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության առանձնահատկությունները։ Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրված պատերազմի արդյունքում,  Արցախի տարածքների բռնազավթումը, օկուպացիան որևէ ազդեցություն չի կարող ունենալ Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ապագա բանակցությունների ընթացքում Արցախի կարգավիճակի և սահմանների որոշման գործընթացի վրա»,- հիմնական զեկույցում նշեց Արթուր Մոսիյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքները Արցախի Հանրապետության անբաժան մասն են, որոնց վրա տարածվում է Արցախի օրենսդրությունը։ Բռնազավթված տարածքներ են համարվում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով 1,2,3 աստղանիշերով ընդգծված շրջանները, բնակավայրերը, ինչպես նաև այդ բնակավայրերի տարածքներում ընդգրկված հողային և ջրային ռեսուրսները։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս