Սասունյան. Հայաստանին անհրաժեշտ է ավելի լավ հակահետախուզություն՝ օտարերկրյա և ներքին լրտեսների գործունեությունը խափանելու համար

Անցյալ շաբաթ բոլորս ցնցված էինք այն լուրից, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ձերբակալել է Հայաստանի զինված ուժերում ծառայող 19 անձանց՝ Ադրբեջանի օգտին լրտեսության մեղադրանքով։ ԱԱԾ-ն մեղադրեց ձերբակալված 19 հայ զինվորականներին՝ գումարի դիմաց Ադրբեջանին ռազմական գաղտնիքներ փոխանցելու մեջ։ ԱԱԾ-ն պարզաբանեց, որ ադրբեջանցի գործակալները կապվել են հայ զինվորականների հետ՝ ստեղծելով ֆեյսբուքի կեղծ էջեր՝ հայերենով շփվող գրավիչ կանանց լուսանկարներով։

Շատ ադրբեջանցիներ կան, որոնք սահուն հայերեն են խոսում, քանի որ ծնվել են Հայաստանում և հաճախել հայկական դպրոցներ՝ նախքան 1980-ականների վերջին Արցախի շուրջ քաղաքացիական անկարգություններից հետո Ադրբեջան փախչելը: Կան անվտանգության բազմաթիվ լուրջ խնդիրներ, որոնց Հայաստանի կառավարությունը պետք է անհապաղ ուշադրություն դարձնի և հատուկ միջոցներ ձեռնարկի նման լրտեսական դեպքերի կրկնությունը նվազագույնի հասցնելու համար։

Բայց նույնիսկ բարելավված հակահետախուզության դեպքում նման խնդիրները հնարավոր չէ վերացնել, այլ պարզապես նվազագույնի հասցնել, քանի որ գրեթե բոլոր երկրները դառնում են օտարերկրյա և ներքին լրտեսների զոհ: Ահա իմ մտորումները և առաջարկությունները.

1) Հայաստանի կառավարությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի հմուտ  մասնագետներ նշանակելու համար, որոնք գիտեն, թե ինչպես վարել հետախուզական ծառայությունը: Այս առաջարկն արվում է այն պատճառով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե բոլոր պաշտոններում նշանակել է անփորձ և անիրազեկ պաշտոնյաների` ելնելով զուտ իր իշխող կուսակցությանը նրանց անդամակցությունից։ Անկարողության ամենաթարմ օրինակը ԱԱԾ-ի զարմանալի հայտարարությունն էր, որ թերթի հոդված կարդալով են իմացել, որ Հայաստանի նախագահը երկքաղաքացիություն ունի, ինչը ՀՀ օրենսդրության խախտում է։ Պատկերացրեք, որ Հայաստանի հետախուզական ծառայությունները նախագահի չորս տարի պաշտոնավարելուց հետո թերթից տեղեկանում են նման կարևոր խնդրի մասին՝ առաջինը բացահայտելու փոխարեն:

2) Ազգային անվտանգության ծառայությունը, բացի նրանից, որ փորձառու կադրերի կարիք ունի, պետք է ունենա նաև հակահետախուզության ամենաառաջադեմ տեխնոլոգիա։

3) Հայաստանի կառավարությունը պետք է խորհրդակցի դաշնակից կառավարությունների հետ՝ ինչպես բարելավել իր հետախուզական ծառայությունների ուսուցումը, կազմակերպումը և գործունեությունը:

4) Լրտեսության համար ձերբակալված 19 հայերը մեղադրվում են Հայաստանի զինվորական անձնակազմի, զենքի և ռազմական օբյեկտների մասին գաղտնի տեղեկություններ Ադրբեջանին փոխանցելու մեջ։ Մնում է պարզել, թե արդյոք նրանք մեղավոր կճանաչվեն դատարանում, քանի որ վերջին չորս տարիներին բազմաթիվ հայ պաշտոնյաներ են ձերբակալվել տարբեր իրավախախտումներ կատարելու համար, սակայն չեն դատապարտվել:

5) Ինչպե՞ս կարող է հայկական զինված ուժերը թույլ տալ իր զինվորականներին ունենալ ֆեյսբուքյան էջեր, քանի որ բոլորը գիտեն, որ նրանք խոցելի են հաքերների համար և կարող են որպես թիրախ ընտրվել օտարների կողմից:

6) Որտե՞ղ էր Հայաստանի հետախուզական ծառայությունների վերահսկողությունը, երբ խոցելի զինվորականներն ազգային գաղտնիքները հաղորդում էին թշնամուն: Ավելի լավ է կանխել նման գաղտնիքների փոխանցումը նախքան դրանց տեղի ունենալը, այլ ոչ թե վնասը հասցնելուց հետո։

7) Խիստ մտահոգիչ է, որ այդքան մեծ թվով տարբեր աստիճանի զինվորականներ են ձերբակալվել։ ԱԱԾ-ն հայտարարեց, որ մոտ 24 զինվորականներ ներգրավված են եղել այս լրտեսական գործունեության մեջ, ինչը նշանակում է, որ կան ևս մի քանի կասկածյալներ, որոնք չեն ձերբակալվել ապացույցների բացակայության, նրանց ինքնության և գտնվելու վայրի անհայտության պատճառով։ Մենք չգիտենք նաև, թե որքան երկար է գործել այս լրտեսական ցանցը մինչև նրանց ձերբակալությունը։

8) Եթե նույնիսկ այս լրտեսական ցանցի մնացած անդամները ձերբակալվեն և մեղադրվեն, դա չի նշանակում, որ 24 կասկածյալները միակն են, որոնք ներգրավված են այս լրտեսական ցանցում: Կարող են լինել տասնյակ կամ հարյուրավոր ուրիշներ, որոնց ինքնությունն ու գործունեությունն անհայտ են:

Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը կարծես թե ունի հմուտ և փորձառու գործակալների անձնակազմ, որոնք գիտեն, թե ինչ են անում։ Նրանց, ամենայն հավանականությամբ, վերապատրաստում և օգնում է թուրքական բարձրակարգ հետախուզական ծառայությունը՝ MIT-ը (Ազգային հետախուզական կազմակերպություն):

9) Այս լրտեսական սկանդալի լուրջ հարցերից մեկն այն է, որ ձերբակալվածներից ոմանք, ըստ տեղեկությունների, վաճառել են ազգային գաղտնիքները մի քանի հարյուր դոլարի դիմաց: Հայաստանի կրթական համակարգում լուրջ թերություններ կան, եթե Հայաստանում ծնված, մեծացած, կրթված և զինվորական ծառայության մեջ գտնվող հայը պատրաստ է չնչին գումարի դիմաց դավաճանել իր ազգին։ Խիստ մտահոգիչ է, որ որոշ հայեր, մասնավորապես զինվորականներ, զուրկ են ազգային հպարտությունից և հայրենասիրական զգացմունքներից։

10) Հայաստանում առաջին անգամ չէ, որ լրտեսներ են ձերբակալվում։ Վերջին 30 տարում գրանցվել է հայերի կողմից Թուրքիայի օգտին լրտեսության մի քանի դեպք։ Նրանցից ոմանք եղել են Հայաստանի պետական պաշտոնյաներ։

11) Ադրբեջանը նախկինում հայտարարել էր մի շարք հայերի և ադրբեջանցիների ձերբակալության մասին, որոնք իբր լրտեսել էին Հայաստանի օգտին։ Հայտնի չէ՝ արդյոք նրանք իսկապե՞ս լրտեսներ էին, թե՞ ոչ։

12) Ես մտավախություն ունեմ, որ Հայաստանում լրտեսական խնդիրները շատ ավելի կսրվեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանի ենթադրյալ բացմամբ։ Սա ավելի շատ ադրբեջանցի և թուրք լրտեսների թույլ կտա մուտք գործել Հայաստան օդային և ցամաքային ճանապարհներով որպես զբոսաշրջիկներ կամ գործարարներ:

13) Բացի իսկական լրտեսներից, Ադրբեջանն ու Թուրքիան արժեքավոր տեղեկություններ կհավաքեն Հայաստանի մասին՝ հարցաքննելով իրենց քաղաքացիներին Հայաստանից վերադառնալուց հետո: Իհարկե, լրտեսությունը միայն այս երկու երկրներով չի սահմանափակվում, քանի որ այլ պետություններ ևս զբաղվում են Հայաստանի վերաբերյալ հետախուզական տվյալների հավաքագրմամբ։

14) Եղել են մի քանի դեպքեր, երբ վերջին տարիներին երկրում աշխատանքի բացակայության պատճառով Թուրքիա ներգաղթած հայերին դիմել է թուրքական հետախուզությունը՝ տուն վերադառնալուն պես Հայաստանի մասին տեղեկություններ հավաքելու համար, ինչի համար նրանք առատաձեռն փոխհատուցում են ստացել: Ամփոփելով, թշնամական գործողություններ իրականացվում են ոչ միայն պատերազմի, այլ նաև խաղաղ ժամանակ՝ հավաքագրելով ներքին և արտաքին գործակալներ։

Հայաստանի կառավարությունը պետք է շատ լրջորեն մոտենա այս խնդրին և անհրաժեշտ միջոցներ  ու անձնակազմ հատկացնի նման հետախուզական գործունեությանը հակազդելու համար։

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Տեսանյութեր

Լրահոս