
Սինգապուրում բացվել էԱսիայի խոշորագույն ավիասալոններից մեկը

Փետրվարի 15-ին բացված Singapore Airshow – 2022 ավիասալոնին մասնակցում են շուրջ 600 ընկերությունների ներկայացուցիչներ գրեթե 40 երկրներից եւ տարածքներից, ավիասալն, որն անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ն իրադարձությունների վայրից:
«Այս միջոցառումն ընդգծում է սահմանների աստիճանաբար բացման եւ բնականոն կենսագործունեության վերականգնման՝ Սինգապուրի հանձնառությունը»,- բացման արարողությանը հայտարարել է փոխվարչապետ, տնտեսական զարգացման հարցերով համակարգող նախարար Հեն Սվի Քիտը:
Ավիասալոնը համարվում է խոշորագույններից մեկն Ասիայում:
Այս տարի այն հավաքել է գրեթե կիսով չափ պակաս մասնակիցների, քան 2020 թվականին: Ցուցահանդեսը տեղի է ունենում հասարակայնության համար փակ ռեժիմով, ցուցադրական թռիչքները կարելի կլինի դիտել ուղիղ հեռարձակմամբ սոցիալական մեդիաների միջոցով:
«Չնայած դրան, միջոցառումը դարձել է Սինգապուրի համար ամենաընդգրկունը համավարակն սկսվելու պահից»,- հավելել է փոխվարչապետը:
Նրա խոսքով՝ Սինգապուրը գլոբալ ավիահանգույց է, ուստի ձգտում է զարգացնելու ավիացիոն եւ օդատիեզերական հատվածները: Իրենց արտադրանքն են ավիասալոն բերել այնպիսի խոշոր արտադրողներ, ինչպիսիք են Airbus-ը, Boeing-ը, Lockheed Martin-ը, Rolls-Royce-ը, Չինաստանի AVIC ավիացիոն արդյունաբերության պետական կորպորացիան:
Ասիայում առաջին անգամ ներկայացրել են Boeing ընկերության 777Х նորագույն հեռամայրուղային լայնաֆյուզելաժ օդանավը: Այդ մոդելը նախորդներից տարբերվում է իր չափերով եւ ծալովի կոմպոզիտային թեւի առկայությամբ: