«Ամեն մի հիմարություն ես չեմ մեկնաբանում». Սեյրան Օհանյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին
Փետրվարի 14-ին տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը։ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու նիստի աշխատանքներին, ընդգծելով, որ քանի դեռ ներկայիս իշխանությունն է կառավարման ղեկին, հանձնաժողովի աշխատանքները չեն կարող օբյեկտիվ լինել։
Հանձնաժողովի նիստից հետո իշխանական մի քանի պատգամավոր հանդես եկան մամուլի ասուլիսով, որի ժամանակ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադառնալով ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովին՝ ասաց, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասում էր, որ ապրիլյան պատերազմի վերաբերյալ ՊՆ-ում իրենք ունեն վերլուծություն, բայց եթե այդ վերլուծությունը բավարար էր, ապա իրենք ինչո՞ւ էին Սեյրան Օհանյանին հինգ ժամ հարցաքննում։ Ասուլիսում Անդրանիկ Քոչարյանը նաև գաղտնազերծեց, թե ինչ է ասել Սեյրան Օհանյանը:
«Ըստ Սեյրան Օհանյանի՝ բոլորը մեղավոր են, բացի իրենից, երբ իրեն հարցնում ենք, թե՝ դու ի՞նչ ես արել՝ որպես մինիստր, ասում է՝ Խաչատուրովն է մեղավոր, այդպես հո չէ՞։ Հարցից հարց է առաջացել, բա հետախուզության պետին ինչո՞ւ երկու անգամ հարցաքննեցինք։
Հիմա այսօր ընդդիմությունը հանդես եկավ ի՞ր դեմ, թե՞ հանձնաժողովի դեմ, դուք զգացի՞ք, որ այդ որոշումն իրենք չեն կայացրել, ես զգացի»,- իր խոսքում նշեց Անդրանիկ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը Ապրիլյան քառօրյա պատերազմին վերաբերող հարցերին պատասխանելու առիթ ունեցել էր նշված պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քնննիչ հանձնաժողովում դեռևս 2020 թվականի հունվարի 29-ին:
Ի դեպ, մինչ հանձնաժողովի նիստի մեկնարկն Օհանյանը հանդիպում էր ունեցել ԱԺ այն ժամանակվա նախագահ Արարատ Միրզոյանի հետ։
168.am-ը Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց, թե ինչպես կմեկնաբանի Անդրանիկ Քոչարյանի այս հայտարարությունը, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Ես այժմ խորհրդակցության եմ, չեմ կարող խոսել, և հետո, ամեն մի հիմարություն ես չեմ մեկնաբանում»։