Բաժիններ՝

Սխալ է փախչել սեփական առաքելությունից՝ ասելով ես անզոր եմ

Սուրբ Հովնան մարգարեի հիշատակության օրն է

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Հովնան մարգարեի հիշատակը տոնում է հատկապես այսօր՝ առաջավորաց պահքի շրջանում, որպես խորհուրդ այն բանի, որ ճշմարիտ ապաշխարությամբ կարելի է արժանանալ Աստծո հաճությանն ու ողորմածությանը:

Հովնան մարգարեի կյանքի մասին տեղեկանում ենք Հին Կտակարանում տեղ գտած «Հովնանի մարգարեություն»-ից։ Աստծո պատգամով Հովնան մարգարեն մեկնում է Նինվե` քարոզելու քաղաքի հեթանոս բնակիչներին, սակայն անմիջապես չի հետևում Տիրոջ պատգամին: Խուսափելով կատարել Աստծո պատվիրանը` Հովնանը փորձում է թաքնվել Թարսիս կոչված բնակավայրում: Սակայն փախուստի ճանապարհին ծովը փոթորկվում է, որի մեջ նետված մարգարեին Աստծո հրամանով կուլ է տալիս հսկա մի կետ: Սարսափահար Հովնանն աղոթքով ու զղջումով աղերսում է Տիրոջը փրկության համար և երեք օր հետո Աստծո կամոք ազատվում բանտարկությունից: Այս անգամ անսալով Աստծո պատվիրանին` Հովնանը մեկնում է Նինվե:

Սկսելով իր քարոզը` նա մարգարեանում է քաղաքի կործանման մասին, և բնակիչներն ու թագավորը, լսելով նրան, պահք են պահում և ապաշխարությամբ ու աղոթքով փրկում հայրենի քաղաքը վերահաս կործանումից:

Սրբի օրինակը մեր առաջ ունենալով՝ այս օրը թող դառնա առիթ մեզ համար՝ խորհելու, թե ո՞րն է մեր առաքլեությունը և որքանով ենք պատրաստ ճիշտ ընտրություն անելու։ Չէ՞ որ այստեղ չափազանց նուրբ մի սահման կա, որը կարող ենք հատել անզգուշությամբ։ Սուրբ Հովնան մարգարեի առաքելությունը՝ հաստատված Տիրոջից, նրա ընտրությունը չէր։ Եվ ի՞նչ պետք է աներ նա, եթե ոչ ընդուներ Աստծո կամքը․ սա էլ ընտրության հարց է։

Սխալ է փախչել սեփական առաքելությունից՝ ասելով ես անզոր եմ։ Սուրբ Հովնան մարգարեն արդեն իսկ տեսավ իր անզորությունը, բայց ի վերջո վստահեց Աստծո զորությանը և կատարեց իր ճիշտ ընտրությունը՝ զղջաց ու ապաշխարեց՝ փրկվելով աղետից։

Երբեմն մեզ տրվում են փորձությունները, որպեսզի մենք աչալուրջ լինենք մեր առաքելության հանդեպ, և փոխանակ այն հերքելու՝ էլ ավելի մեծ սիրով ու պատրաստակամությամբ մոտենանք դրան։ Ուրեմն՝ հարցնենք մեզ՝ ո՞րն է իմ առաքելությունը, ո՞րն է իմ ընտրությունը։ Եվ այս հարցերը ինքներս մեզ շարունակ տալով է, որ ուղղորդվելու ենք դեպի Աստված՝ ունենալով, պահպանելով ու փոխանցելով այն Լույսը, որ Աստված տվել է յուրաքանչյուրիս։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս