«Թշնամին մնում է թշնամի, գայլի ոհմակ են, կարող են անսպասելի հարձակվել». Խոզնավարի նախկին վարչական ղեկավար

Սյունիքի մարզի Խոզնավար գյուղից Գորիս հասնելու համար բնակիչները ստիպված են հաղթահարել մի քանի անգամ երկար այլընտրանքային ճանապարհը։

168.am-ի հետ զրույցում Խոզնավարի նախկին վարչական ղեկավար Վարո Գրիգորյանն ասաց, որ այլընտրանքային ճանապարհով Գորիս գնում-գալիս են, ճանապարհ է, բողոքելու սովորություն չունեն, բայց  այլընտրանքային ճանապարհն իրենց համար դժվարանցանելի է, հատկապես՝ վատ եղանակային պայմաններում։

«Մեր մոտից Գորիս 17 կմ է ճանապարհը, որը դժվարանցանելի է։ 90-ականներին այդ ճանապարհն ասֆալտապատվել էր, հիմա քարուքանդ եղած է։ Դա մեր կարճ ճանապարհն էր, Գորիսի հետ ամենօրյա կապը կար։ Մյուս ճանապարհով, որ կարող ենք գնալ Գորիս, մի 50 կմ է, պատկերացրեք՝ 17 կմ-ն՝ որտեղ, 50-ը՝ որտեղ։ Այդ ներքին ճանապարհը Խոզնավարից գնում է Վաղատուր, այնտեղից՝ Խնածախ, հետո՝ Տեղ համայնքի խաչմերուկ, որը հատվում է Արցախից եկող ճանապարհին, ձգվում է դեպի Խնձորեսկ, հետո նոր գալիս ենք Գորիս»,- նշեց Վարո Գրիգորյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ եթե այսօր ինքը Խոզնավարի վարչական ղեկավարը չէ, ապա դա չի նշանակում, որ սահմանում որևէ իրադարձություն տեղի ունենալու դեպքում չի գնա այնտեղ։

«Ինձ համար որևէ տարբերություն չկա՝ պաշտոնի՞ եմ, թե՞ ոչ, ես նույն մարդն եմ։

Հիմա իրավիճակը մեզ մոտ նորմալ է, բայց դե, թշնամին իր նույն տեղում նստած է։ Թշնամին մնում է թշնամի, գայլի ոհմակ են, կարող են անսպասելի հարձակվել»,- եզրափակեց Վարո Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս