«ԵՄ գործընկերներ, դադարեք Հայաստանում «սպիսատ» անել ձեր անորակ կադրերին. տիկին դեսպան, go home». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այն կարծիքին է, որ որևէ մեկն այնքան վնաս չի տվել համամարդկային ու եվրոպական արժեքներին Հայաստանում, որքան ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:

Այսօր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության շենքի առջև կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ Աշոտյանը նշեց, որ ԵՄ-ն վերջերս շատ վատ քաղաքականություն է իրականացնում Հայաստանում.

«ԵՄ-ն այստեղ դեսպան է նշանակում մարդկանց, որոնց հետո թոշակի է ուղարկում: Ո՛չ նախորդ դեսպանն էր մի բան, ո՛չ էս մի դեսպանն է մի բան: ԵՄ հարգելի գործընկերներ, դադարեք Հայաստանում «սպիսատ» անել ձեր դիվանագիտական անորակ կադրերին, դադարեք Հայաստանում գործի նշանակել մարդկանց, որոնք փոխանակ ներկայացնեն եվրոպական արժեքները Հայաստանում, փոխանակ նպաստեն Հայաստանի ժողովրդավարությանը, փոխանակ ամրացնեն մեր կապերը՝ քայքայում են այդ ամենը, քանզի դառնում են գործող վարչակազմի սպասարկուները: Նախորդ դեսպանը մի գիրք էր գրել, այսպես կոչված՝ հեղափոխության մասին, էնպես ուրախ էր, էնպես հպարտ էր, որ իր օրոք է եղել: Էս մի դեսպանն էլ կարող է գիրք գրել՝ հեքիաթների հավաքածու՝ Հայաստանում ժողովրդավարության զարգացման մասին»:

Դիմելով ՀՀ-ում ԵՄ դեսպանին, Արմեն Աշոտյանը հետևյալն ասաց.

«Տիկին դեսպան, Ձեզ քանիցս փորձել եմ կարգի հրավիրել, Ձեր աչքերը բացել՝ միամտաբար մտածելով, որ Դուք տեղյակ չեք: Չէ՛, Դուք շատ լավ էլ տեղյակ եք: Ոչ միայն տեղյակ եք, այլ նաև անհայրենիք սրիկաների բերանը լեզու եք դնում: Էնպիսի լեզու եք դնում, որ դրանցից մեկը ԱԺ ամբիոնից հանդգնում է հայտարարել, որ Հայաստանի բրենդը ժողովրդավարությունն է:

Չէ՛, սիրելի հայրենակիցներ, ցավով, կսկիծով ասեմ, որ 2021թ. հունիսի 20-ից հետո Հայաստանի բրենդը աշխարհում նվաստացումն է, անարգանքն է, արժանապատվությունից զրկումն է: Տիկին դեսպանը մեր երկրում սպասարկում է բացառապես կապիտուլյանտ իշխանությունների շահերը:

Տիկին դեսպան, Դուք գիտեք, չէ՞, որ Դուք ՀՀ-ԵՄ պայմանագրի իրականացմանը պետք է հետևեք, ինչո՞ւ եք թաքցնում ժողովրդից, որ այդ պայմանագրի իմպլեմենտացիան խայտառակ վիճակում է, ինչո՞ւ եք թաքցնում ժողովրդից, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանը կյանքի չի կոչում բոլոր այն բարեփոխումները և այն ծավալով, որ հանձնառություն էր առել դեռևս Սերժ Սարգսյանի օրոք՝ 2017թ․ նոյեմբերի 24-ից: Տիկին դեսպան, Դուք չեք փոխվելու, Դուք Հայաստանում անելիք չունեք»:

Արմեն Աշոտյանն ընդգծեց՝ բողոքի ակցիան ոչ թե եվրոպական արժեքների դեմ է, այլ եվրոպական արժեքները, Հայաստանում ժողովրդավարությունը Անդրեա Վիկտորինից պաշտպանելու համար է:

«2014-19թթ. Դուք եղել եք Բելառուսում դեսպան: Չար լեզուներն ասում են, որ Լուկաշենկոյի հետ էլ եք լեզու գտել: Դե, որ Լուկաշենկոյի հետ էլ եք լեզու գտել, էս փթիրն ի՞նչ է՝ իր հետ լեզու չգտնեիք: Տիկին դեսպան, անգլերեն ասեմ, որ լավ հասկանաք՝ go home»,- շեշտեց Արմեն Աշոտյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դատավորների նկատմամբ ճնշումները քաղաքական ճնշումներ են, լրագրողների նկատմամբ ոտնձգությունները քաղաքական ճնշումներ են:

Արմեն Աշոտյանը կոչ արեց Եվրոպական խորհրդարանի իր գործընկերներին՝ իրականացնել խորհրդարանական վերահսկողություն Հայաստանում ԵՄ դիվանագիտական ծառայության հանդեպ. «Եվ կտեսնեք աղաղակող, խայտառակ փաստեր»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս