«Կարելի է վերցնել «to go», այսինքն՝ տանելու բաժակով սուրճ, և փողոցում խմել». Վահան Քերոբյանը՝ ծխախոտի սահմանափակումների մասին
Կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադառնալով ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության կանոնակարգը հաստատելու մասին այսօր ընդունված որոշմանը՝ ասաց, որ այս ճանապարհով արդեն շատ երկրներ են անցել, և արդյունքներն ըստ էության դրական են.
«Փորձը ցույց է տալիս, որ այսպիսի սահմանափակումների ներդրման հաջորդ 1-2 ամիսը հանրային սննդի օբյեկտների շրջանառությունն ընկնում է, բայց շատ արագ էլ վերականգնվում է, որովհետև, եթե բնակչության կամ հասարակության մի մասի համար ծխելն առավելություն է, մյուս զգալի մասի համար, այդ թվում՝ զբոսաշրջիկների, ռեստորաններում կամ հանրային սննդի օբյեկտներում ծխելը թերություն է, ոչ թե առավելություն, և մարդիկ, որոնք չեն ծխում, տհաճությամբ են մտնում այն ռեստորաններ, որտեղ ծխել կարելի է:
Ես 4 տարի առաջ թողել եմ ծխելը, մինչև այդ օրեկան ծխում էի 3 տուփ ծխախոտ, բայց երբ գնում էի գործուղման այնպիսի երկրներ, որտեղ հանրային օբյեկտներում ծխելն արգելված էր, իմ մոտ ստացվում էր ծխել ընդամենը մի տուփ:
Այսինքն՝ միջավայրը ստիպում էր, որպեսզի ծխողները նույնիսկ ավելի քիչ ծխեն, իհարկե, օրվա ընթացքում անհարմարություն էր լինում, որ չի կարելի ծխել, և այլն, բայց օրվա վերջում, երբ դու ավելի քիչ ես ծխում, քեզ ավելի լավ ես զգում: Սրանով մենք նաև ծխողներին ենք օգնում ավելի քիչ ծխել և իրենց ավելի լավ զգալ, իրենց առողջությանն ավելի քիչ վնաս հասցնել»:
Դիտարկմանը, որ ծխող քաղաքացիները սրճարանում նաև սուրճի հետ ծխախոտ են ցանկանում ծխել, և այս փոփոխությունների արդյունքում նաև դա է սահմանափակվում, Վահան Քերոբյանն այլընտրանք առաջարկեց.
«Կան տարբերակներ, կարելի է վերցնել «to go», այսինքն՝ տանելու բաժակով սուրճ, և փողոցում խմել»: